Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարեց, որ իշխանությունը շտապում է վավերացնել TRIPP-ի համաձայնագիրը և սկսել շինարարությունը, մինչդեռ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված ու վավերացված չէ

«Համապարփակ կարգավորման չհասնելով՝ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում կատարում է Ադրբեջանի պահանջը՝ հողի վրա չունենալով ոչ մի առավելություն։ Ո՛չ գերիների վերադարձի հարցն է լուծվել, ո՛չ խաղաղության երաշխիքներ կան, ո՛չ էլ ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը մեր ինքնիշխան տարածքներից։ Արդյո՞ք սա հերթական միակողմանի զիջումը և բանակցային լծակների կորուստը չէ»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, ով փաստաթղթի զեկուցողն է ԱԺ-ում, խնդրեց մատնանշել, թե այս փաստաթղթով Հայաստանն ինչ է զիջել։

«Մեր շահը ենթադրում է օր առաջ ապրանքների առաքում ունենալ, օրինակ՝ Չինաստան, և ապրանքներ ստանալ Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև երկկողմ առևտուր Ադրբեջանի հետ։ Դուք ասում եք՝ Ադրբեջանը կապում ենք Նախիջևանին։ Ճի՛շտ է։ Բայց մոռանո՞ւմ եք, որ Հայաստանն էլ կապում ենք Չինաստանին։ Եթե մենք կարողանալու ենք երկաթուղով Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա այստեղ։ Սա փոխշահավետ նախագիծ է»,- ընդգծեց ԱԳՄԱ նախարարը։

Միրզոյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանն արդեն իսկ սկսել է օգտվել Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների հնարավորությունից։

«Մինչև հարավում երկաթուղու կառուցումը, որով Ադրբեջանն ապրանք կուղարկի Նախիջևան, Հայաստանն արդեն իսկ Ադրբեջանի տարածքով բեռներ է ստանում և ուղարկում։ Ո՞նց եղավ, որ նրանք շահում են, իսկ մենք հետ ենք ընկնում»,- դիմելով պատգամավորին՝ ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

Leave a comment