Քաղաքականությունից մինչև ամուսնություն. Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթև» ստենդափը՝ բեմում. լուսանկարներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երբ բեմում է Ռաֆայել Երանոսյանը, անսպառ ծիծաղն ապահովված է: Ամուսնություն, հանգիստ, ավանդույթներ, հասարակական խնդիրներ, քաղաքականություն և այլ թեմաներ, որոնց շուրջ ծանր ու թեթև արեց Ռաֆայել Երանոսյանը: Դերասանը հանդիսատեսին ներկայացավ նոր ստենդափով՝ «Ծանր ու թեթև», որի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 19-ին «Բոհեմ» թատրոնում:
«Կարմիր խնձոր»-ից մինչև անձնական հետաքրքիր ու ծիծաղաշարժ պատմություններ, իրավիճակներ, որտեղ անմիջական մասնակից եղավ նաև հանդիսատեսը, դերասանն անդրադարձավ մարդկանց հուզող և մշտապես քննարկվող գրեթե բոլոր հարցերին և ի վերջո հանգեց այն եզրակացության, որ բոլոր խնդիրները գալիս են միջակությունից: Չնայած անսպառ էներգիային՝ Ռաֆայելը նշեց, որ ստենդափի պրեմիերաներին քանի մեծանում, ավելի շատ է հուզվում, սակայն դա չխանգարեց, որ հանդիսատեսը գրեթե մեկ ժամից ավել չդադարի ծիծաղել: Ռաֆայել Երանոսյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ողջ ստեղծագործական կազմին, իր սիրելի հանդիսատեսին և հեռացավ բուռն ծափերի ներքո:
Ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։