«Արևմուտքն այլևս երաժշտություն պատվիրողը չի լինի»․ Սերգեյ Լավրովը հայտարարել է արևմտյան հեգեմոնիայի ավարտի մասին

Աշխարհն ապրում է բեկումնային փուլ, որը բնորոշվում է արևմտյան հեգեմոնիայի ավարտով և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմամբ, իսկ Արևմուտքն այլևս երբեք չի լինի համաշխարհային ասպարեզի գլխավոր խաղացողը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ դիվանագիտական ծառայության անցած բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ արևմտյան երկրները փորձում են ամեն գնով պահպանել այն տիրապետող դիրքը, որից օգտվել են վերջին 500 տարիների ընթացքում։ Լավրովի գնահատմամբ՝ աշխարհակարգի փոփոխություններն ընդգրկում են տնտեսությունը, քաղաքականությունն ու ֆինանսական համակարգը, իսկ այժմ տեղի է ունենում երկու միտումների բախում, երբ «նորը պայքարում է հնի դեմ»։ Որպես Արևմուտքի անհեռատես քայլերի օրինակ՝ Լավրովը մատնանշել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ ձերբակալությունը, ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ շեշտելով, որ Կիևը վերածվել է Ռուսաստանի դեմ հակադրման գործիքի։

Սերգեյ Լավրովն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

«Արևմուտքն այլևս երբեք չի լինի գլխավոր խաղացողը, որը «երաժշտություն է պատվիրում»։ Նա դիմում է ամենածայրահեղ քայլերի, գնում է աննախադեպ ավանտյուրաների»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նաև Գլոբալ Հարավի երկրների դերի կտրուկ բարձրացման վրա՝ ընդգծելով, որ դրանք դառնում են համաշխարհային զարգացման նոր կենտրոններ։ Լավրովի խոսքով՝ «երրորդ աշխարհն» այսօր աստիճանաբար վերածվում է «առաջին աշխարհի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment