Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»

Քաղաքականություն

21.10.2026 | 10:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնել են ՏԱՍՍ և ՌԻԱ Նովոստի գործակալությունները, փոխանցում է Meduza-ն։

Պուլկովո օդանավակայանում Ուիթկոֆին դիմավորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Կարճ ժամանակ անց նրանց ավտոշարասյունը լքել է օդանավակայանի տարածքը։

Թրամփի ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվում  է, որ հանդիպմանը տեսակապի միջոցով կմասնակցի նաև ամերիկացի մեկ այլ բանակցող՝ Ջարեդ Քուշները։

Հոկտեմբերի 20-ին Թրամփի բանակցողներն Օսլոյում հանդիպել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել էր, որ Ուիթկոֆը Պուտինի հետ կքննարկի եվրոպացի և ամերիկացի գործընկերների պատրաստած առաջարկները և, հնարավոր է, հող կնախապատրաստի  առաջնորդների մակարդակով հանդիպման համար։

Politico-ի տվյալներով՝ Ուիթկոֆը Պուտինին կառաջարկի ուղիղ բանակցություններ վարել Թրամփի և Զելենսկիի հետ։ Իսկ Axios-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ Ուիթկոֆը Պուտինին կներկայացնի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու թարմացված  ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment