«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան բռնության շարժումը, ստորագրահավաքների ընթացքը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այնքան էլ ոգևորիչ չէ։
Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ արշավի նկատմամբ հետաքրքրության ոչ բավարար լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ այն Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս քաղաքական հստակ աջակցություն չի ստացել։
Ստացվում է՝ Աննա Հակոբյանը փորձում է սեփական նախաձեռնությամբ հանրային ակտիվություն ապահովել, սակայն առանց իշխանության առաջին դեմքի հստակ աջակցության՝ գործընթացը ցանկալի արդյունքը չի տալիս։ Իսկ եթե նույնիսկ իշխանական թիմի ներսում նախաձեռնության նկատմամբ ոգևորությունը բավարար չէ, ապա հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այն լայն արձագանք ստանալ հասարակության շրջանում։
Հատկանշական է, որ, երբ իշխանության ներսում որևէ նախաձեռնություն չի ստանում քաղաքական վերնախավի բացահայտ աջակցությունը, դրա արդյունավետության հարցն ինքնաբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Աննա Հակոբյանի այս արշավի դեպքում ևս առայժմ պարզ չէ՝ խոսքը կազմակերպչական թերացումների՞, հանրային հետաքրքրության պակասի՞, թե՞ իշխանական ներսում առկա անհամաձայնությունների մասին է։
Մի բան, սակայն, ակնհայտ է․ ակտիվ շրջայցերն ինքնին դեռևս հաջողության երաշխիք չեն, իսկ ստորագրահավաքի իրական արդյունքներն ավելի խոսուն կարող են լինել, քան նախաձեռնության շուրջ ստեղծված աղմուկը»։
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին, իսկ 2023-ից առաջատարներից է։ Այս ընկերությանն է վստահվել Հայաստանում միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։
Օրինակ՝ 2022 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար ստացել է 750 միլիոն դրամ։ 2020 թ. Ամանորի միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանից 137 միլիոն դրամ։ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գալա համերգի համար ԱԳՆ-ից 76 միլիոն դրամ։ 2018 թ. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համար ԱԳՆ-ից եւս 54 միլիոն դրամ։ Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն»-ը 2018-2026 թթ. պետական տարբեր մարմինների հետ կնքել է 50 պայմանագիր 5.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Միայն այս տարի ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ ծառայությունների մատուցման 1.7 մլրդ դրամի պայմանագիր է կնքել։ 2 պայմանագիր էլ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հետ է կնքվել` 4 մլն դրամ արժեքով։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի հետ 2025-ին կնքած 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 771 մլն դրամ։
Պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: 2023-2026 թթ. 25 պայմանագրից 17-ն առանց մրցույթի է կնքվել։ Նման պայմանագրերը, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Հավելենք նաեւ, որ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» «Ֆակտորի Փրոդաքշն»-ի տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանը պարգեւատրվել է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի հուշամեդալով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ ԱԺ ընտրություններից հետո այս հարցը «տեղում դոփում է»։
Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության հարցում հետեւյալ ճանապարհային քարտեզով պետք է առաջ գնան. նախ՝ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ այդ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ է երկրի բարեկեցության ու զարգացման համար։
Քննարկվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներով գովազդային արշավ իրականացնելու հարցը։ Երկրորդ էտապում դիմել ԱԺ ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել հանրաքվեի անցկացմանը։
Մերժվելու դեպքում փորձել ընդդիմության առանձին պատգամավորների համոզել, որ անհրաժեշտ է աջակցել ՔՊ նախաձեռնությանը։ Փաշինյանը չի բացառել պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելը «պատգամավորներ գողանալը»։
Իսկ եթե այս բոլորից հետո էլ անհաջողության մատնվեն, որպես վերջին տարբերակ գնալ արտահերթ ընտրությունների եւ խորհրդարանում ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ու անցկացնել նոր սահմանադրությունը։
Մեր տեղեկություններով, ժամկետներ չեն նախանշվել, բայց Փաշինյանը բոլորին կոչ է արել տեղից շարժվել։