Շոյգուն՝ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ԱՄՆ-ի ծրագրերի մասին


Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու՝ ԱՄՆ-ի ծրագրերը համարել է «գեղեցիկ բիզնես առաջարկներ»: «Ամերիկացիները դեռևս չեն կառուցել ոչ մի նման ռեակտոր»,- ասել է պաշտոնյան։


Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի հաշվի առնել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ մտնի։


«Ինչպես հայտնի է, Հայաստանն ակտիվ սեյսմիկ տարածաշրջան է։ Խորհրդային ինժեներների կողմից Հայաստանում ատոմակայանի կառուցման ժամանակ օգտագործված եզակի տեխնոլոգիան թույլ տվեց հաջողությամբ դիմակայել 88 թվականի ավերիչ երկրաշարժին»,- հիշեցրել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը:


Խոսելով Հայաստան-ԱՄՆ պայմանավորվածությունների մասին՝ Շոյգուն, միաժամանակ, ընդգծել է, որ երկկողմ գործակցության համաձայնագրերի կնքումը ինքնիշխան պետությունների իրավունքն է։

Leave a comment