ՀՀ–ում կենսաչափական փաստաթղթերի գրանցման նոր համակարգը կգործարկվի հոկտեմբերի 31-ից

Բաժանորդագրվել

Կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ից։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման, նախագրանցման նոր համակարգը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Հայտ ներկայացնելու երկու եղանակ կլինի՝ խիստ նույնականացմամբ և առանց խիստ նույնականացման։

Խիստ նույնականացման դեպքում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման գրասենյակ ընտրելու։ Իսկ առանց խիստ նույնականացման դեպքում ներկայացված տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Եթե դրանք ամբողջությամբ համընկնեն, ապա հնարավոր կլինի ընտրել սպասարկման օրը, ժամը և հասցեն, ինչպես նաև կատարել վճարումը։

«Եթե ներկայացված տվյալները չհամընկնեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և անհրաժեշտության դեպքում շտկելու համար»,- հայտնում է ՄՔԾ-ն։

Տվյալների շտկումից և լիազոր մարմնի կողմից դրանց հաստատումից հետո միայն քաղաքացին կկարողանա ամրագրել սպասարկման օրն ու ժամը։

Նախագրանցման հնարավորությունը հոկտեմբերի 31-ից հասանելի կլինի www.haypass.am պաշտոնական կայքում։
Հիշեցնենք` կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ից։

Leave a comment