Իտալիան էներգետիկ անցման իր նպատակների միայն 15%-ն է իրականացրել

Իտալիան իրականացրել է էներգետիկ անցման՝ մինչև 2030 թվականը սահմանված նպատակների ընդամենը 15%-ը։ Այս մասին նշվում է կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող ECCO վերլուծական կենտրոնի զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ Իտալիայում շահագործման է հանձնվել վերականգնվող էներգիայի արտադրության շուրջ 7 գիգավատ (ԳՎտ) նոր հզորություն, մինչդեռ 2030 թվականի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 10 ԳՎտ հզորության ավելացում։ ECCO-ն երկրի առաջընթացը գնահատել է որպես «դրական, բայց անբավարար»։

Վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը շարունակում են խոչընդոտել թույլտվությունների տրամադրման ձգձգվող ընթացակարգերը և էլեկտրացանցերին միանալու հերթերը, որոնք ծանրաբեռնված են սպեկուլյատիվ բնույթի հայտերով։

Միաժամանակ Իտալիայում ջերմոցային գազերի արտանետումներն աճել են շուրջ 9 մլն տոննա CO₂ համարժեքով՝ նախորդ տարվա համեմատ։

Եվրամիության սահմանած էներգետիկ և կլիմայական նպատակներին հասնելու համար Իտալիան պետք է արտանետումները կրճատի շուրջ 95 մլն տոննա CO₂ համարժեքով՝ 2025 թվականի մակարդակի համեմատ։ Դա կազմում է երկրի ընդհանուր արտանետումների մոտ 25%-ը։

Էական հետընթաց է արձանագրվում նաև էլեկտրամոբիլների տարածման ոլորտում։ Երկրում հաշվառված է շուրջ 445 հազար էլեկտրամոբիլ, մինչդեռ 2030 թվականի համար սահմանված նպատակային ցուցանիշը 4.3 միլիոն է։

ECCO-ն նաև ընդգծել է, որ Իտալիան հետ է մնում կանաչ անցման նպատակներից շինարարության, արդյունաբերության, բնական գազից հրաժարվելու և էներգասպառման էլեկտրիֆիկացման ոլորտներում։

Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել զեկույցի արդյունքները։

Leave a comment