Թոշակների ու նպաստների հետվճարը կվերացվի՞, ի՞նչ է սպասվում թոշակառուներին

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10 000 դրամ) հետվճար տրամադրելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ թոշակառուների և նպաստառուների համար 20 տոկոսի հետվճարի համակարգը ներդրվել է 2025 թվականի վերջին՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը վավեր լինելու հնարավորությամբ։

Այն ժամանակ Կառավարության այս միջոցառումը հանրային քննարկման չի դրվել, և հիմա անհասկանալի է, թե ինչու է թոշակառուների և նպաստառուների լրացուցիչ մի քանի հազար դրամ ստանալու հնարավորության համար կառավարությունը հանրության կարծիքին անսում։ Գուցե հույս ունի, որ հանրային քննարկմամբ այս միջոցառումը կչեղարկվի, իսկ իշխանությունները կկարողանան այդպիսով, իրենց կարծիքով, խուսանավել հանրային պարսավանքից։

Թոշակները չնչին չափով բարձրացնելու համար իրենց հսկայական աշխատավարձեր ու նպաստներ դուրս գրող  և պարբերաբար դրանց չափերը վերանայող իշխանությունները ափսոսում են բյուջեի այն խղճուկ միջոցները, որոնք ծախսվում են թոշակառուների և նպաստառուների հետվճարների համար և հանդես են եկել նման նախագծով, այնինչ դա կարող էր կառավարության հերթական որոշումը լինել։

Ինչևէ, ժամանակը ցույց կտա կառավարության մտադրությունների ազնվությունը կամ հակառակը։ Նշենք, որ հետվճարի համակարգը թոշակառուների և նպաստառուների համար ներդնելուց հետո մասնագիտական շրջանակներում զգուշացնում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու՝ ի տարբերություն իշխանավորների աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների տրամադրմանը, որոնք վերանայվելու դեպքում միայն բարձրացվելու միտում են ունենալու։

Իշխանությունները խոստանում են ինդեքսավորել թոշակներն ու նպաստները, դա նշանակում է, որ գնաճին զուգահեռ բարձրանալու է նաև թոշակն ու նպաստը։ Բայց արդյո՞ք ինդեքսվարումն այնպիսի չափով կարվի, որպեսզի գնաճին համարժեք աճեն թոշակառուների գումարները։ Հաշվի առնելով թոշակառուների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը՝ կարելի է եզրակացնել, որ այդ ինդեքսավորումը ևս ծաղրուծանակ է լինելու սոցիալական այդ խմբի նկատմամբ. անունը լինելու է, ամանումը՝ ոչ։ Ինչպես որ հիմա են ամեն առիթով թոշակառուների երեսին շպրտում, թե իրենք այն բացառիկ իշխանությունն են, որ թոշակներն աննախադեպ չափով բարձրացրել են և ներդրել են համընդհանուր առողջության ապահովագրման համակարգը, որով թոշակառուները կարող են անվճար կամ հնարավորինս ցածր գներով օգտվել առողջապահական ծառայություններից։

Որոշ ժամանակ չանցած՝ պարզվեց, որ իշխանությունների աչքը թոշակառուների մահվան նպաստների վրա է, և այդ 200 000-ը գրպանելով՝ խոստացան նվազագույն թոշակները 1000 դրամով բարձրացնել։ Ծաղրանք չէ, ի՞նչ է։ Ստացվում է, որ իրենց աշխատավարձերը բարձրացնելու համար պետական գանձարանում բավարար չափով գումար կա, իսկ թոշակը 1000 դրամով բարձրացնելը մահվան նպաստների հաշվին պիտի արվի։ Հիմա էլ թերևս մտադիր են կրճատել նաև հետվճարին հատկացվող բյուջեն, այլապես ինչո՞վ է պայմանավորված այս հարցում ոտքը կախ գցելու քաղաքականությունը։

 

Կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում անգամ այդ գումարը պահպանելու պայմաններում ամեն Աստծո օր նկատվող գնաճը այնպիսի ծավալների է հասել, որ թոշակը արժեզրկվել և գրեթե հավասարվել է նախկինում եղած թոշակների արժեքին։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment