Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով

Հասարակություն

20.10.2026 | 16:08

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության երկու դեպք են բացահայտել։ Ձերբակալվել են 52 և 31 տարեկան տղամարդիկ։ Ոստիկանության հաղորդմամբ՝ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող ընդհանուր 30,44 գրամ զանգված, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփի բույսեր։ 31-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 4 գրամ զանգվածով փաթեթ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հերթական դեպքերն են բացահայտել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 52-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանձնատանը կից հողամասում աճեցրել է կանեփ տեսակի բույս, որից պատրաստել է թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 30,44 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով տարաներ, իսկ հողամասում՝ կանեփի բույսեր։

Կատարվում է նախաքննություն։

Բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերդ քաղաքի 31-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Համայնքային ոստիկանները նրան Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 4 գրամ զանգվածով փաթեթ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

Leave a comment