Ինչպես փոքր թիմով գերազանցել 3 անգամ մեծ մրցակիցներին. ԱԲ ընկերության հիմնադրի փորձը

Պատկերացրեք ձեր մրցակցին, որն ունի 3 անգամ ավելի շատ աշխատակից և 3 անգամ մեծ բյուջե։ Վաղ թե ուշ այս տարբերությունը ստիպում է մտածել․ «Որպեսզի հետ չմնամ, արդյո՞ք ես էլ պետք է նրանց պես անձնակազմս մեծացնեմ»։

Իրականում՝ շատ հաճախ դրա կարիքը չկա, գրում է Entrepreneur-ը։

Y Combinator-ի ղեկավար Գարի Տանը CNBC-ին պատմել է, որ այսօր ընկերությունները հասնում են տարեկան մինչև 10 միլիոն դոլար հասույթի՝ ունենալով 10 հոգուց էլ քիչ աշխատակից։ «Ձեզ հարկավոր չէ 50 կամ 100 ինժեներից բաղկացած բանակ»,- ասում է նա։ Օրինակ՝ Base44 հավելվածը, որն ուներ ընդամենը 8 աշխատակից, գործարկումից ընդամենը 6 ամիս անց 80 միլիոն դոլարով վաճառվեց Wix ընկերությանը։

Փոքր թիմերը կարող են հաղթել՝ ճիշտ օգտագործելով արհեստական բանականությունը (ԱԲ)

Լինելով ԱԲ ոլորտում աշխատող 20 հոգանոց ընկերության հիմնադիր, որը մրցում է հսկաների հետ, ես վստահ եմ՝ ԱԲ-ն օգնում է փոքր թիմերին հավասարը հավասարի պես պայքարել մեծերի դեմ։ Բայց սա չի նշանակում ԱԲ կիրառել միայն կիրառելու համար։

Ճիշտ մոտեցումը հետևյալն է․ ստուգել ԱԲ-ի տված արդյունքները, պատասխանատվություն պահանջել նրանից և այնպես կիրառել այն, որ մարդիկ չթաղվեն անվերջանալի ստուգումների ու անիմաստ գործերի մեջ։

Այս մոտեցումները մեծ բյուջե կամ մեծ թիմ չեն պահանջում․ ձեզնից պահանջվում է միայն հետևողականություն, և դուք կարող եք սկսել հենց այսօր։

1. Մի՛ վստահեք ԱԲ-ի գեղեցիկ հաշվետվություններին

Ցանկացած ԱԲ ծրագիր ցույց է տալիս գեղեցիկ թվեր՝ «խնայված ժամեր» կամ «կատարված աշխատանքի ծավալ»։ Ես անտեսում եմ այդ թվերը, որովհետև դրանք չափում են միայն քանակը։ Իսկ քանակի աճը հաճախ ոչ թե առաջընթաց է, այլ պարզապես ավելորդ թղթաբանություն ու չոր աշխատանք։

Օրինակ՝ GitClear ընկերությունը, ուսումնասիրելով կոդի 211 միլիոն տող, նկատել է, որ 2024 թվականին ծրագրավորողներն ավելի շատ պատճենել ու տեղադրել են (copy-paste) պատրաստի կոդերը, քան բարելավել դրանք։ Պատճառը ԱԲ օգնականներն են։ Արդյունքում՝ կոդի տողերն ավելացել են, բայց դրանք կրկնվող ու անորակ են, և ապագայում մեկը ստիպված է լինելու դրանք մաքրել։

ԱԲ-ի արդյունավետությունը չափելու լավագույն ձևը ձեր պլանավորած աշխատանքների արագությունն է։ Եթե տարեվերջին նախատեսված ֆունկցիան պատրաստ է ապրիլին, ուրեմն դուք մոտ 170 օրով առաջ եք ընկել։ Համեմատեք ձեր նախատեսված և փաստացի ժամկետները, իսկ ԱԲ-ի ցույց տված գեղեցիկ թվերը պարզապես անտեսեք։

2. Երկար նկարագրությունների փոխարեն պատրաստեք նախատիպեր

ԱԲ-ի դարաշրջանում ամենաարագ աշխատող թիմերը քիչ են գրում, բայց արագ են որոշումներ կայացնում։

Մեր ընկերությունում մենք հրաժարվել ենք երկար-բարակ առաջարկներ գրելուց։ Երբ որևէ մեկը նոր գաղափար է ունենում, ԱԲ-ի օգնությամբ անմիջապես պատրաստում է դրա նախատիպը (պարզեցված տարբերակը)։ Թիմը փորձարկում է այն և ընդամենը 1 ժամում որոշում՝ անե՞լ, թե՞ ոչ։ Դուք էլ կարող եք այդպես անել։

3. Նախքան ԱԲ-ին գործ տալը՝ գրեք մեկ էջանոց հստակ առաջադրանք

Երբ գաղափարն հաստատվում է, մենք ԱԲ-ին տալիս ենք ընդամենը 1 էջանոց պարզ փաստաթուղթ․ ի՞նչ է անում այս ֆունկցիան, ի՞նչ տվյալների հետ է աշխատում և որտե՞ր կարող է սխալվել։

Հստակ առաջադրանքը կտրուկ բարձրացնում է աշխատանքի որակը և արագացնում գործը։ Իսկ անհստակ առաջադրանքը միայն դանդաղեցնում է․ ԱԲ-ի սարքած վատ կոդը ստուգելն ու ուղղելն ավելի թանկ է նստում, քան նրա խնայած ժամանակն է։

Faros AI-ի 2025 թ․ հետազոտությունը ցույց է տվել․ ԱԲ-ն ակտիվ օգտագործող թիմերը 21%-ով ավելի շատ գործ են անում, բայց կոդի ստուգման վրա ծախսում են 91%-ով ավելի շատ ժամանակ, իսկ սխալների քանակն ավելանում է 9%-ով։

Այս շաբաթվանից սկսած՝ ԱԲ-ին որևէ գործ տալուց առաջ պահանջեք այդ 1 էջանոց հստակ առաջադրանքը։

4. Նախնական ստուգումները վստահեք ավտոմատ համակարգերին

Stack Overflow-ի 2025 թ․ հարցման համաձայն՝ ծրագրավորողների 66%-ին ամենաշատը ջղայնացնում է ԱԲ-ի այն պատասխանները, որոնք «գրեթե ճիշտ են, բայց ոչ լրիվ»։

Թիմերից շատերը սա լուծում են մարդկային ստուգումներն ավելացնելով։ Իմ կարծիքով՝ դա սխալ է։

Մարդկանց ձանձրալի ստուգումներից ազատելու համար ստեղծեք ավտոմատ ստուգման համակարգեր։ Թող ծրագիրն ինքը նախնական ստուգի ամեն ինչ, իսկ ԱԲ-ն փորձի գտնել թերությունները։

Մենք մեր ընկերությունում հենց այդպես ենք անում, և արդյունքում ստանում ենք մաքուր կոդ։ Մեր մասնագետներն իրենց ժամանակը ծախսում են համակարգեր նախագծելու, այլ ոչ թե ուրիշի գրած կոդի մեջ սխալներ փնտրելու վրա։

5. Գնահատեք աշխատանքն ըստ հաճախորդի ստացած արդյունքի

ԱԲ-ի շնորհիվ աշխատանք արտադրելն էժանացել է, իսկ էժան արտադրանքը փչացնում է իրական պատկերը։ Թղթերն ու զեկույցները մի գիշերում բազմապատկվում են, բայց հաճախորդի համար ոչինչ չի փոխվում։

Ես սա անվանում եմ «խաբուսիկ աշխատանք»։ Թվում է, թե թիմը զբաղված է, բայց իրականում դա ընկերությանը առաջ չի մղում։

Ամեն նպատակի համար սահմանեք հստակ, չափելի ցուցանիշ, որը ցանկացած մարդ կարող է ստուգել։ Օրինակ՝ «Կայքից գնումների քանակն ավելացավ 4%-ով և պահպանվեց 1 ամիս» արտահայտությունը չափելի է։ Իսկ «Բարելավեցինք վաճառքի ընթացքը» խոսքը անորոշ է։

Գնահատեք նախագծերը միայն իրական արդյունքներով, և ձեր թիմը արագ կհասկանա, որ կատարված է համարվում միայն այն աշխատանքը, որը շոշափելի արդյունք է տալիս։

6. Օգտագործեք ԱԲ-ն ամենաբարդ որոշումները կայացնելիս

Փոքր և մեծ թիմերի ամենամեծ տարբերությունը որոշումներ կայացնելու արագությունն է։ Մեծ թիմերն ունեն ավելի շատ տվյալներ ու փորձառություն, դրա համար ավելի հաճախ են ճիշտ ճանապարհ ընտրում։ Փոքր թիմերը կարող են լրացնել այս բացը ԱԲ-ի միջոցով։

Անաչառ պատասխան ստանալու և ԱԲ-ի հնարովի մտքերը բացահայտելու համար նույն հարցը տվեք մի քանի տարբեր ԱԲ մոդելների։ Յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունը, ուստի այն կետերը, որտեղ դրանք համընկնում են, հուշում են ճիշտ ուղղությունը։

Այնուհետև խնդրեք մեկ այլ մոդելի կամ ձեր թիմից որևէ թերահավատ աշխատակցի՝ փորձել կասկածի տակ դնել այդ ընդհանուր կարծիքը։ Ընդհանուր կարծիքը ցույց է տալիս, թե ինչն է տարածված, իսկ ստուգումը ցույց է տալիս, թե ինչն է ճշմարիտ։

Մեր ընկերությունում այն հարցերի պատասխանները, որոնց վրա ավագ մասնագետը առաջ մի ամբողջ շաբաթ էր ծախսում, հիմա պատրաստ են լինում առավոտյան։ Օգտագործեք այս մոտեցումը ձեր հաջորդ կարևոր որոշումը կայացնելիս։

Կարգապահությունն է ձեր ամենամեծ առավելությունը

Ձեզնից 3 անգամ ավելի շատ աշխատակից ունեցող մրցակիցը կրում է մոտ 9 անգամ ավելի շատ կազմակերպչական ու համակարգման ծախսեր։ Ֆրեդ Բրուքսը դեռ կես դար առաջ ձևակերպել է այս օրենքը․ «Ուշացող նախագծին նոր աշխատողներ ավելացնելն այն ավելի է ուշացնում»։

Ամեն նոր աշխատակից ստիպված է շփվել արդեն աշխատող բոլոր մարդկանց հետ, ուստի աշխատանքային կապերը բազմապատկվում են ավելի արագ, քան աշխատողների թիվը։ 5 հոգանոց թիմում կա 10 այդպիսի կապ, 100 հոգանոց թիմում՝ մոտ 5000։

Shopify ընկերությունը հենց այս մաթեմատիկայով է աշխատում։ Նրանց ղեկավար Տոբի Լյուտկեն աշխատակիցներին հանձնարարել է․ նոր աշխատող պահանջելուց առաջ նախ ապացուցեք, որ այդ գործը չի կարող անել ԱԲ-ն։

Այն թիմերը, որոնք կվերակառուցվեն այս 6 կանոնների շուրջ, հաղթող դուրս կգան։ Իսկ սպասողները ստիպված կլինեն անվերջ հետապնդել իրենցից 3 անգամ փոքր, բայց ավելի ճկուն թիմերին։

Leave a comment