Ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաժանորդագրվել

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ երևում է, որ Երևանի ավտոբուսներից մեկում մի տղամարդ դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար` իր կնոջը – խմբ.) պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։ Տեսանյութը նկարող մեկ այլ ուղևորուհի միջամտում է և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ լքում է ավտոբուսը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով: Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիային Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ հայտնել են, որ դեպքի առնչությամբ իրենք որևէ բողոք, դիմում կամ ահազանգ չեն ստացել։ Միևնույն ժամանակ ՄԻՊ–ից շեշտել են, որ դեպքի առնչությամբ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին` համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով։

Հիշեցնենք, որ հրապարակված կադրերին արձագանքել էին սոցցանցերի մի շարք օգտատերեր` նշելով, որ հատակին նստած կինն ակնհայտ բռնության է ենթարկվում։ Նրանք իրավապահ մարմիններին կոչ էին արել միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։

Leave a comment