ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյան ֆեյսբուքյան եթերում արձագանքել է ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ճնշումների անթույլատրելիության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ հրապարակելով ԱԺ ընտրությունների ժամանակ ենթադրաբար իշխանությունների ճնշումներին ենթարկված քաղաքացիների անունները։
Փաշինյանը հրահանգել է բացառել վարչական լծակների և ճնշումների կիրառումը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, որ հակառակ դեպքում կլինի կոշտ արձագանք:
«Ես նշում եմ անձանց անուններ, որոնք ենթարկվել են ճնշումների ու դուրս են մնացել աշխատանքից։ Ստեփանավանի՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ դաստիարակ Սերինե Մանուկյան, ում ազատել են աշխատանքից լուսանկարի պատճառով՝ պարզաբանելով, ում հետ որ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի:
Հաջորդը՝ Մանուշակ Լալազարյան, 38 տարվա բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում, Օլգա Սահակյան՝ բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում: Նրանք նույնպես ազատվել են աշխատանիքց իրենց քաղաքական հայացնքերի պատճառով»,-նշել է պատգամավորը։
Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր արել, որտեղ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն:
Արդեն հոկտեմբերի 20-ի տեսանյութում Փաշինյանը հայտնել է, որ կոչին արձագանքել է ընդամենը 3 մարդ, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, ով ճնշումների մասին հաղորդագրությամբ լինք է ուղարկել։
«Տեսչական մարմնին հանձնարարել եմ, որ շտապ ստուգեն, որովհետև խոսքը քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու մասին է: Մյուսն էլ տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում, չէր կարդում, անգիր չէր ասում, ուղղակի ելույթ էր ունենում: Դա էլ Հակակոռուպցիոն կոմիտե եմ ուղարկել: Մյուս նամակում էլ հեղինակն ասում էր, որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց իրենց համայնքում սխալ թեկնածու է առաջադրվել»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում կրկին անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին և իշխող ուժի կողմից ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին։ Նա նշել է, որ պետք է թույլ չտալ, որ, ժողովրդավարությունն օգտագործելով, Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն՝ կոչ անելով չշեղվել ժողովրդավարության կանոններից:
«Բոլորիդ կոչ եմ անում ժողովրդավարության, ազատության, օրինականության, կանոններից մի միլիմետր չշեղվեք, այսինքն կոչ չեմ անում, հրահանգում եմ և հրամայում եմ: Մի միլիմետր չշեղվեք, ժողովրդավարության, օրինականության, ազատության, կանոններից, որ դեպքում շեղում եղավ, լինելու է շատ կոշտ արձագանք, անհամաչափ կոշտ արձագանք»,-ասել է նա: