Երևանում ավտոբուսում կնոջը վիրավորելու կադրերը տարածվել են համացանցում․ գործով զբաղվում են իրավապահները․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ է տարածվում, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում է կնոջը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը կոպիտ ձևով դիմում հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը – խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։
Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև բանավեճ է սկսվում։
Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ։ Տեսանյութին կից հրապարակման մեջ իրավապահ մարմիններին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։
Նկարահանման ամսաթիվն ու ճշգրիտ վայրը, ինչպես նաև միջադեպի մասնակիցների փոխհարաբերությունների բնույթը ճշտման կարիք ունեն։
Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
«Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ», – ասաց Սարգսյանը։