ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները Վաշինգտոնի կողմից կբախվեն «կործանարար» պատասխան միջոցների, եթե Բրյուսելն իրականացնի ամերիկացի մրցակիցների համար եվրոպական շուկայի առանձին հատվածների հասանելիությունը սահմանափակելու ծրագրերը, գրում է Meduza-ն։
Խոսքը Եվրահանձնաժողովի առաջարկի մասին է, որը նախատեսում է ռադիոհաճախականությունների սպեկտրի մի մասը, որը թույլ է տալիս սմարթֆոններին անմիջականորեն միանալ արբանյակներին, վերապահել եվրոպական ընկերություններին։ Դա կսահմանափակի չինական և ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հասանելիությունը նշված հաճախականություններին։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք եվրոպական ընկերությունները պետք է մտահոգվեն պատասխան միջոցներով, Փազդերը հայտարարել է, որ նրանք «պետք է զգույշ լինեն, քանի որ նման քայլ կարող է ձեռնարկվել, և դա շատ կործանարար կլինի այդ ընկերությունների համար»՝ հաշվի առնելով ամերիկյան շուկայի ծավալները։ Ըստ նրա՝ եթե նպատակն «ԱՄՆ-ի մրցունակության նվազեցումն է, ապա դա նման օրենսդրության ընդունման օրինական նպատակ չէ»։
«Եվրոպական ընկերությունների մրցունակությունը չի կարելի բարձրացնել՝ նվազեցնելով ամերիկյան ընկերությունների մրցունակությունը»,- հավելել է նա։
SpaceX ընկերությունը, իր հերթին, կտրուկ քննադատել է Եվրահանձնաժողովի առաջարկը։ Մասնավորապես, ընկերությունում նախազգուշացրել են, որ այդ քայլը կարող է հանգեցնել Ուկրաինայում կապի որակի վատթարացմանը, որտեղ Starlink-ը կրիտիկական կարևոր նշանակություն ունի։
Հոկտեմբերի 14-ին ուկրաինական զինվորականները հայտնել էին, որ բախվել են Starlink արբանյակային կապի տերմինալների աշխատանքի սահմանափակումների (ավելի ստույգ՝ դրանց ռազմական տարբերակի՝ Starshield-ի)։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աճող լարվածության ֆոնին։ Սակայն Թրամփը պնդում է, որ ինքը հրահանգ չի տվել սահմանափակել տերմինալների աշխատանքը, և իրեն հայտնի չէ, թե ով է դա արել։
Միևնույն ժամանակ, The Telegraph-ի աղբյուրները պատմել են, որ Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու առաջարկը Թրամփին ներկայացրել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, իսկ ԱՄՆ նախագահը համաձայնել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի