Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն տարածաշրջանային իշխանություններին կոչ է արել երկուշաբթի երեկոյան որոշ քաղաքներում պարետային ժամ սահմանել։ Հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցերը վերաճել են վերջին տարիների ամենալուրջ փողոցային բռնություններից մեկը երկրում, գրում է France 24-ը։
Միջոցառումները կլինեն «մասնակի» և «տեղայնացված», դրանք նպատակ կունենան պաշտպանել ձեռնարկությունները, ասել է նա։ Վարչապետը չի նշել, թե որ քաղաքներում կսահմանվեն պարետային ժամերն ու ինչ ձևաչափով դրանք կգործեն։ Միաժամանակ, նա բացառել է ամբողջ Փարիզի տարածքում համընդհանուր պարետային ժամ սահմանելու հնարավորությունը։
Լըկորնյուն նշել է, որ բռնությամբ ուղեկցված բողոքի ցույցերի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում ավելի նպատակահարմար լուծում են պարետային ժամերը։
«Ես վճռական եմ տրամադրված՝ վերականգնելու հասարակական կարգը։ Արտակարգ դրությունը շարունակում է մնալ շատ լուրջ միջոց, այդ թվում՝ դրա կիրառման տեսանկյունից։ Ուստի, եթե դա անհրաժեշտ լինի, իհարկե, մենք կարող ենք այդ քայլին դիմել։ Սակայն այս պահին պարետային ժամերի սահմանման և դրանց կիրառման հարցը, կարծես, ավելի համապատասխան է այն իրավիճակին, որին կարող ենք բախվել»,- հավելել է վարչապետը։
Եվրամիությունը հայտարարել է, որ Ֆրանսիայում խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը «պետք է պաշտպանված լինի»՝ միաժամանակ դատապարտելով հանգստյան օրերին ամբողջ երկրում տեղի ունեցած հրկիզումները, թալանն ու հարձակումները՝ դրանք որակելով որպես «անընդունելի»։
«Նրանք, ովքեր խաղաղ ցույցերի են մասնակցում, չպետք է նույնացվեն բռնություն գործադրողների հետ»,- հայտարարել է ԵՄ խոսնակ Մարկուս Լամերտը։
Եվրոպական հանձնաժողովը, որը ԵՄ-ում նաև իրականացնում է թվային ոլորտի կարգավորողի գործառույթներ, «սերտ կապի մեջ է» Ֆրանսիայի ԶԼՄ-ների կարգավորող ARCOM մարմնի հետ՝ ապահովելու, որ սոցիալական ցանցերն ու տեսանյութերի փոխանակման հարթակները պահպանեն թվային բովանդակության վերաբերյալ կանոնները, որոնք արգելում են տեղեկատվության մանիպուլյացիան և բռնության հրահրումը։
«Երբ առցանց հարթակները տեղեկանում են կամ կասկածներ ունեն հնարավոր հանցագործության մասին, նրանք պարտավոր են նախաձեռնողականորեն կիրառել համապատասխան միջոցներ և տեղեկացնել ազգային իշխանություններին»,- հայտարարել է ԵՄ խոսնակ Թոմաս Ռենյեն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի խոսնակն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերն արդարացում չունեն՝ դրանք որակելով որպես «անընդունելի»։
«Ակնհայտ է, որ Ֆրանսիայի փողոցներում տեղի ունեցող բռնություններն անընդունելի են։ Թեև բողոքի իրավունքին իրացման հնարավորությունը ժողովրդավարության հիմքում է, դա երբեք չի կարող արդարացնել բռնությունը»,- լրագրողներին ասել է խոսնակը՝ Ֆրանսիայում բնակվող և անկարգություններով մտահոգված բրիտանացիներին կոչ անելով «հետևել տեղական իշխանությունների ցուցումներին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, պնդել է, թե միգրանտները «գրավել են Ֆրանսիան», և կոչ է արել Փարիզին փակել երկրի սահմանները։
«Միգրանտները գրավել են Ֆրանսիան։ Նրանք պետք է արագ փակեն սահմանները»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի