Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին երկրում իրավիճակն ապակայունացնելու ծրագրեր մշակելու մեջ։
«Այժմ հաստատված է, որ գոյություն ունի ծայրահեղ ձախ շարժում, որի նպատակն է լայնածավալ անկարգություններ հրահրել (եթե ոչ ավելի լուրջ գործողություններ)՝ հնարավոր է՝ ընդհուպ մինչև նախագահական ընտրությունները։ Այս մասին այս առավոտ մեզ տեղեկացրին հատուկ ծառայությունները։ Գործում է մի ամբողջ ցանց, որն ունակ է մոբիլիզացվել՝ վիճարկելու նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները կամ նույնիսկ բուն ընտրությունների փաստը»,- հայտարարել է Լըկորնյուն։
Ըստ վարչապետի՝ ցույցերի ժամանակ թալանով զբաղվողներից շատերն «իսկական հանճարներ» են․ «Նրանց մտքով անցել է «փայլուն» գաղափար՝ չկրել գլխարկներ կամ դիմակներ։ Ուստի, այսօր մեկնարկում է լայնածավալ դատաիրավական և հետաքննչական գործողություն։ Միայն Փարիզի տարածաշրջանում, որքան հասկանում եմ, Փարիզի ոստիկանական պրեֆեկտուրայի շուրջ 200 քննիչներ կզբաղվեն լուսանկարչական և տեսանյութային ապացույցների ուսումնասիրությամբ»։
«Ես հանձնարարել եմ պրեֆեկտներին այս գիշեր որոշ վայրերում սահմանել պարետային ժամ. խոսքը հասցեական և մասնակի սահմանափակումների մասին է։ Կատարվել են բազմաթիվ ձերբակալություններ, կասկածյալները վերցվել են կալանքի տակ։ Ներկայումս այս դեպքերի գրեթե 80%-ով սկսվել են պաշտոնական դատաիրավական գործընթացներ։ Ձերբակալվածների երկու երրորդը չափահասներ են, և գրեթե բոլորը՝ տղամարդիկ։ Շատ դեպքերում այս անձինք արդեն իսկ հայտնի էին ոստիկանությանը»,- ընդգծել է Սեբաստիեն Լըկորնյուն։
Ֆրանսիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ դատաիրավական գործընթացները կօգնեն նաև կայունացնել իրավիճակը՝ անկարգությունների մասնակիցներից մի քանիսին մեկուսացնելով։