Ուորեն Բաֆետի երեք երեխաները՝ Սյուզին, Հովարդը և Փիթերը, դեռ չգիտեն, թե ինչպես են տնօրինելու իրենց հոր կարողությունը, հաղորդել է Bloomberg-ը,
Երբ հարց է հնչել՝ արդյոք միջոցները կկառավարվեն միասնական հիմնադրամի միջոցո՞վ, թե՞ յուրաքանչյուր ժառանգ ինքնուրույն կտնօրինի իր մասնաբաժինը, ավագ դուստրը՝ 73-ամյա Սյուզան Բաֆետը, պատասխանել է. «Մենք չգիտենք։ Առայժմ՝ ոչ»։
Նա ղեկավարում է «Շերվուդ» հիմնադրամը (The Sherwood Foundation)․ բարեգործական կազմակերպություն, որը գործում է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Սյուզին նշել է, որ ողջունում է բարի գործեր անելու հնարավորությունը, սաև միաժամանակ խոր պատասխանատվություն է զգում ծնողների հանդեպ՝ ապահովելու, որ ամեն ինչ ճիշտ կազմակերպվի։
71-ամյա Հովարդ Բաֆետը, ով սեպտեմբերից զբաղեցրել է «Berkshire Hathaway» հոլդինգային ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, մտադիր է կենտրոնանալ մի քանի լայնածավալ նախաձեռնությունների վրա։ Անցյալ տարվա վերջի դրությամբ նա արդեն ավելի քան 1,2 միլիարդ դոլար էր ուղղել Ուկրաինային, շուրջ 167 միլիոն դոլար՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, 497 միլիոն դոլար՝ Ռուանդային և 287 միլիոն դոլար՝ Կոլումբիային։
68-ամյա երաժիշտ Փիթեր Բաֆետը դեռ մի քանի տարի առաջ հորն ասել էր, որ չի ցանկանում մասնակցություն ունենալ այդ գործընթացում։ «Ես էլ չէի ցանկանա»,- պատասխանել էր Ուորեն Բաֆետը։
«Կարծում եմ՝ ոչ ոք չպետք է միլիարդավոր դոլարներ ունենա։ Դա պարզապես անբնական է»,- ասել է Փիթերը։ Նա ղեկավարում է «NoVo Foundation» բարեգործական կազմակերպությունը։
Սյուզին կարծում է, որ լրացուցիչ միջոցները կարող են ուղղվել իր սիրելի ոլորտին՝ երեխաների կրթությանը։
Հովարդը կենտրոնանում է Նեբրասկա նահանգի գյուղական շրջաններում առողջապահության աջակցման վրա, ինչպես նաև աշխատում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Նա նախընտրում է ֆինանսավորել այնպիսի նախաձեռնություններ, որոնց ինքն անձամբ կարող է մասնակցել։ Հովարդ Բաֆետն Ուկրաինա է այցելել ավելի քան երկու տասնյակ անգամ։
Փիթերն ուսումնասիրում է «համընդհանուր բազային եկամտի» հետ կապված նախաձեռնությունները. սա հայեցակարգ է, ըստ որի՝ պետությունը բոլոր քաղաքացիներին տրամադրում է ֆիքսված, կանոնավոր դրամական վճարում՝ առանց որևէ լրացուցիչ պայմանի կամ պահանջի։
Ըստ Bloomberg-ի՝ որպեսզի երեք ժառանգները 20 տարվա ընթացքում բաշխեն իրենց հոր ունեցվածքը (ենթադրելով, որ այն տարեկան աճում է 10%-ով), նրանք պետք է տարեկան ընդհանուր առմամբ 17,6 միլիարդ դոլար նվիրաբերեն։
Ամեն կիրակի Սյուզին, Հովարդը և Փիթերը հեռավար խորհրդակցություն են անցկացնում։ Սյուզի Բաֆետն օգնում է հոգ տանել հոր մասին և եղբայրներին տեղեկացված պահում նրա վիճակի վերաբերյալ։ Այժմ նրանք սկսել են մտածել այն մասին, թե ինչպես կարող են հարգել նրա հիշատակը, երբ ժամանակը գա։
Սեպտեմբերին 96-ամյա ներդրող Ուորեն Բաֆետը հեռացել էր Berkshire-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինել էր որդին՝ Հովարդը, իսկ Ուորեն Բաֆետը ստանձնել էր պատվավոր նախագահի դերը։ Նա շարունակում է մնալ տնօրենների խորհրդի անդամ։ «Վերջերս ընտանիքիս և ընկերներիս հետ նշեցի իմ 96-ամյակը։ Ներկա էր նաև ծոռներիցս մեկը, ով նոր է դարձել մեկ տարեկան։ Այս օրերին նա ինձնից շատ ավելի արագ է շարժվում»,— կատակել է նա Berkshire-ի բաժնետերերին ուղղված նամակում։
Բաֆետը ղեկավարել էր Օմահայում Berkshire ընկերությունը դեռևս 1965 թվականից։ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում նա զբաղեցնում է տասներորդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 151 միլիարդ դոլար, որի հիմնական մասը կազմում են «Berkshire Hathaway»-ի բաժնետոմսերը։