Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.10.2026 | 13:46

Բեռլինում բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ։ Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մասնակիցները քաղաքի կենտրոնից երթով շարժվել են դեպի Բրանդենբուրգյան դարպասներ՝ վանկարկելով «Ազատություն հիջաբին» կարգախոսը։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերացնել արգելքը։ Մասնակիցները պարզել են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Պաղեստինի դրոշները։

Ադրբեջանական իշխանական APA-ն գրում է, որ ակցիան կազմակերպել են Գերմանիայում «Մուսուլմանական միասնություն» շարժման ակտիվիստները։ Լրատվամիջոցը ակցիան կապում է Իրանի հետ։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան էլ տասնյակ մարդիկ հավաքվել են Լոնդոնի արևմտյան հատվածում՝ Հոլանդ Փարքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Ադրբեջանի կառավարության՝ ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Ցուցարարները հայտարարել են, որ իրենց աջակցությունն են հայտնում հիջաբ կրող մուսուլման կանանց և աղջիկներին, ինչպես նաև պաշտպանում են իրենց հավատքը դավանելու և առանց ճնշումների ու խտրականության կրթությունը շարունակելու նրանց իրավունքը։

Ակցիան կազմակերպել է «Պաղեստինի համար ուսանողական ակտիվիզմի ասոցիացիան» (ASAP)։

Ցուցարարները նշել են, որ հիջաբ կրելն իրավունք է և չպետք է պատճառ դառնա կնոջը կրթություն ստանալու իրավունքից զրկելու կամ նրան դպրոցից կամ համալսարանից հեռանալուն հարկադրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment