«Ամուլսարի հանքը հաջորդ տարի մինչև 130 մլն դոլարի հարկ է վճարելու»․ Պապոյան

Հանքն այսօր էլ շահագործվում է, և արդեն իսկ նկատելի է դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, ասել է Պապոյանը


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ամուլսարի հանքը ոսկու ներկայիս գների պահպանման դեպքում հաջորդ տարի պետական բյուջե մինչև 130 մլն դոլարի հարկ կվճարի, իսկ ոսկու գնի բարձրացման դեպքում հարկային մուտքերը կարող են ավելի մեծ լինել, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ հանքն այսօր էլ շահագործվում է, և արդեն իսկ նկատելի է դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

«1600 աշխատող է այնտեղ աշխատում. լրացուցիչ՝ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է հանքի գործունեության արդյունքում ստեղծվել: Հանքը մյուս տարի՝ այս գների պահպանման դեպքում, մինչև 130 միլիոն դոլար պետական բյուջե հարկ է վճարելու: Եթե թանկանա ոսկին, ավելի շատ հարկ կվճարի: Դա ՀՆԱ-ի վրա 1.5-2% ազդեցություն է ունենալու, մեր արտահանումն էական ավելացնելու է և մեր տնտեսությունն ուժեղացնելու է», – ասել է Պապոյանը ճեպազրույցի ժամանակ:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններին՝ Պապոյանը նշել է, որ աշխարհում չկա հանք, որը շրջակա միջավայրի վրա ազդեցություն չունենա։

«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում, դա սուտ է։ Եթե կասենք, որ կա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում, այդպիսի բան գոյություն չունի»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ կարևոր է հանքարդյունաբերություն իրականացնել այնպես, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը լինի նվազագույն։

Պապոյանն ընդգծել է, որ Ամուլսարի հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա շատ փոքր է, իսկ հանքի վերաբերյալ հնչած բացասական պնդումները հետազոտություններով չեն հաստատվել։

Նախարարը նշել է նաև, որ հանքարդյունաբերությունից ստացված միջոցները հնարավորություն կտան ավելի արդյունավետ պաշտպանել բնական միջավայրը, պահպանել անտառներն ու ջրային ռեսուրսները և զարգացնել ջրօգտագործման արդյունավետ մեթոդները։

«Մենք երկարաժամկետ զարգացման պլաններ ունենք, և մեր երկրի զարգացման պլաններն ու պետության հարատևությունը նաև այսպիսի հանգամանքներից են բաղկացած: Մենք չենք պատրաստվում լինել տնտեսապես թույլ երկիր, մենք պատրաստվում ենք լինել տնտեսապես ուժեղ երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այս տարի 10 հազար դոլարը կանցնի, բայց պետք է առաջիկայում 15-20 հազար դոլարն անցնի», – ասել է Պապոյանը։


 


 

Leave a comment