Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անվտանգության հարցերով հրատապ խորհրդակցություն է հրավիրել Պալացցո Կիջիում՝ հոկտեմբերի 17-18-ին Միլանում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած բախումների ու անկարգությունների պատճառով։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Ջորջա Մելոնին նշել է․
«Ես հասարակական կարգի հարցերով խորհրդակցություն եմ հրավիրել Պալացցո Կիջիում՝ իրավիճակը գնահատելու և օրինական ցույցերը բռնություն ու քաոս հրահրելու համար օգտագործողների դեմ հետագա քայլերը քննարկելու նպատակով»։
Rai News հեռուստաալիքի տվյալներով՝ հանգստյան օրերին Միլանում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ են։ Ցույցերի ընթացքում արձանագրվել են կողոպուտի և վանդալիզմի բազմաթիվ դեպքեր․ ցուցարարները կոտրել են ցուցափեղկերն ու թալանել խանութներն ու սուպերմարկետները։
Ամենամեծ վնասը գրանցվել է Միլանում, որտեղ դեռահասները աթոռներ, սեղաններ և ցանկապատեր են նետել խանութների ցուցափեղկերին։ Ըստ որոշ տվյալների՝ հասցված վնասը գերազանցել է կես միլիոն եվրոն։ Անվտանգության նկատառումներով Վիկտոր Էմմանուիլ II-ի կենտրոնական պատկերասրահը շրջափակվել է զրահատեխնիկայով, իսկ Միլանի հռչակավոր Դուոմո տաճարը փակվել է զբոսաշրջիկների համար։