Ո՞ր խելամիտ մարդու մտքով կանցնի տեղաշարժել Կուրիլյան կղզիները, Կալինինգրադը, Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը կամ Կորսիկան: Վստահ եմ` նման խելամիտ մարդ չկա:
Փաշինյան Նիկոլն առաջարկում է տեղաշարժել Արծվաշենը: Ըստ Փաշինյան Նիկոլի, «Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»:
Եթե Փաշինյան Նիկոլի միտքը դիտարկենք խելամտության սահմաններում, ապա վերջինս առաջարկում է ՀՀ ներկա սահմաններում Արծվաշեն անունով գյուղ հիմնել: Սակայն, այդ դեպքում, ո՞րն է Ադրբեջանի հետ «անկլավային» բանակցությունների իմաստը: Եթե ՀՀ տարածքում նոր Արծվաշեն է լինելու, ապա թող հարևան պետությունում էլ նոր Քյարքի հիմնվի:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլի միտքն այլ է: Ենթադրաբար` վերջինս առաջարկում է զիջել Արծվաշենի բուն տարածքը (40 քառ.կմ.) և փոխարենը ստանալ նույն մակերեսով տարածք ՀՀ սահմանի անմիջական հարևանությամբ: Դա նույնն է, երբ խլում են բնակարանդ և փոխարենը տալիս են նույն մակերեսով տարածք շքամուտքում, նկուղում, տանիքում կամ բակում: Եթե Արծվաշենը պետք է լինի Վահան-Արծվաշեն ճանապարհի ոլորանների մի հատվածում, եթե Արծվաշենում չպետք է լինի լիճ, եթե Արծվաշենում չպետք է լինի ջրվեժ և անտառ, ապա մեզ պե՞տք է նման Արծվաշենը:
Նույն տրամաբանությամբ, ճապոնացիները կարող են Ճապոնիայի սահմանի անմիջական հարևանությամբ գտվող բազմաթիվ կղզիներից մի քանիսը կոչեն Կուրիլյան կղզիներ:
Նույն տրամաբանությամբ, ՌԴ Կալինինգրադի մարզը կարող է «տեղաշարժվել» և հայտնվել Լիտվայում, իսկ Սուխումին` Սոչիում:
Ի՞նչ ասեմ: Սովորաբար` Հայրենիքը չի տեղաշարժվում: Տեղաշարժվում է բացառապես անհայրենիք ժողովուրդների Հայրենիքը: Եվ, եթե նպատակը մեզ Հայրենիքից զրկելն է, ապա տեղաշարժեք այն` անխնա տեղաշարժեք:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի գրառումը