Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է, մենք այլևս սպասելու ժամանակ չունենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը, պատվիրակներ, այլ հյուրեր:

Բացման արարողության շրջանակում ցուցադրվել են «Հետագիծ» գեղարվեստական ֆիլմը, բնության և մշակույթի մասին պատմող տեսաֆիլմը: Ամփոփվել է «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովը:

Հաջորդիվ՝ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ ուրախությամբ և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Երևանում։ Բարի գալուստ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողով։

Այսօր Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։

Կենսաբազմազանությունը միայն բնության հարստությունը չէ։ Այն մեր կյանքի, առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքերից մեկն է։ Բնության վիճակն անմիջականորեն անդրադառնում է մարդկանց կյանքի վրա, իսկ էկոհամակարգերի խաթարումը կարող է խորացնել մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են գիտական հենքի, քաղաքական կամքի, միջազգային համագործակցության և հասարակության լայն մասնակցության համադրում։

Հայաստանի Հանրապետությունը ևս իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Մեր բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը, մեզ հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։ Մեր նպատակը նոր հանձնառությունների ստանձնելուն զուգահեռ, արդեն իսկ առկա հանձնառությունների կատարումն արագացնելը, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելը և յուրաքանչյուր երկրի ու գործընկերոջ ներդրումն առավել արդյունավետ դարձնելն է՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։

Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունն անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և, ի վերջո, ամբողջությամբ ենթարկել մեզ։

Բայց բնությունն այդպես չի գործում։

Բնակավայրերը հեղեղող ջրհեղեղները, անտառները ոչնչացնող հրդեհները, էկոհամակարգերի շարունակական քայքայումը և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն` մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունն անբաժանելի են միմյանցից։

Այս համոզմունքով առաջնորդվելով՝ Հայաստանը COP17-ին ընդառաջ Երևանում համախմբեց առաջնորդներին և հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ձևավորելու միասնական տեսլական և ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։

Մեր ուղերձը հստակ էր՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ ստանձնած պարտավորությունները պետք է արտահայտվեն կոնկրետ քայլերով և շոշափելի արդյունքներով։

Այսօր մենք այդ ուղերձը բերում ենք COP17՝ այն համատեղ գործողությունների վերածելու պատրաստակամությամբ և վերահաստատելով մեր վճռականությունը՝ անցնելու հանձնառություններից դրանց լիարժեք իրականացմանը։

Մինչ այդ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեին, որը համախմբել է Հայաստանի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ մյուս կառույցների ջանքերը՝ այս կարևոր համաժողովը հնարավոր դարձնելու համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ու արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունների համատեղ և հետևողական աշխատանքը, նվիրվածությունը ու սերտ համագործակցությունը համաժողովի կազմակերպման գործում։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը՝ համագործակցության և հսկայական աշխատանքի համար, որի շնորհիվ մենք այսօր հավաքվել ենք Երևանում՝ պատրաստ լինելով միասին նոր քայլ կատարելու կենսաբազմազանության պահպանման և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ճանապարհին։

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև ձեզ բոլորիդ՝ հարգելի պատվիրակներ, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչներ, գիտական հանրության անդամներ, կանայք և երիտասարդներ, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած վստահության և Կոնվենցիայի պատմության այս կարևոր հանգրվանը մեզ հետ կիսելու ու համատեղ կերտելու պատրաստակամության համար։

Տարիների ընթացքում միջազգային հանրությունը ձևավորել է համագործակցության և ընդհանուր պատասխանատվության ամուր հիմք՝ հանուն կենսաբազմազանության պահպանության։ Այսօր մենք ունենք բնության պահպանության և նրա հետ ներդաշնակ ապրելու հստակ գլոբալ տեսլական։ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանեց մեր ընդհանուր նպատակներն ու դրանց հասնելու ուղենիշերը։ Այժմ եկել է այդ տեսլականը գործի վերածելու ժամանակը։ Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, և մեր հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետևողականորեն կկարողանանք մեր ստանձնած հանձնառությունները վերածել կոնկրետ գործողությունների, իսկ գործողությունները՝ չափելի արդյունքների։

Հենց սա է Երևանի համաժողովի առանցքային առաքելությունը՝ համատեղ գնահատել արձանագրված առաջընթացը, հստակեցնել դեռևս առկա բացերը և համաձայնեցնել այն առաջնահերթ գործողությունները, որոնք թույլ կտան մեզ առավել հետևողականորեն և արդյունավետորեն առաջ շարժվել՝ մեր ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։

Այսօր հասել ենք դեպի 2030 թվականը տանող ճանապարհի վճռորոշ հատվածին։

Մենք գիտենք, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել և ինչ առաջընթաց ենք գրանցել։ Բայց նաև գիտակցում ենք, որ մեր հավակնությունների և դրանց իրականացման միջև դեռևս զգալի անջրպետ կա։

Հենց այս փուլում է, որ առաջնորդությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Ու թող Երևանը հիշվի ոչ միայն որպես մեր արձանագրած առաջընթացն ամփոփելու հանգրվան, այլև որպես այն վայրը, որտեղ մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը և վճռականությունը՝ ստանձնած պարտավորությունները լիարժեք կյանքի կոչելու համար և նախանշեցինք այն ուղին, որը ապահովելու է Գլոբալ շրջանակի արագացված իրագործումը մինչև 2030թ։

Ոչ մի կառավարություն, որքան էլ կարողունակ լինի, չի կարող դա անել միայնակ։

Մեզ անհրաժեշտ են համագործակցության պատրաստակամություն ունեցող կառավարություններ՝ պետական կառավարման տարբեր մակարդակներում և ոլորտներում։ Մեզ անհրաժեշտ են քաղաքներն ու համայնքները, բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները, կանայք ու երիտասարդները, գիտական հանրությունը, գործարար և ֆինանսական շրջանակները, քաղաքացիական հասարակությունը։

Նրանց ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի սոսկ մասնակցությամբ․ նրանք պետք է լինեն մեր ընդհանուր նպատակի իրական գործընկերները՝ փոփոխությունների նախաձեռնողներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների առաջմղող ուժը։

Հենց այս համոզմունքով է Հայաստանը ստանձնում իր պատասխանատվությունը՝ առաջնորդվելով թափանցիկության, ներառականության և յուրաքանչյուր ձայնի նկատմամբ հարգանքի սկզբունքներով, ինչպես նաև գիտակցմամբ, որ միջազգային համագործակցության իրական արժեքը դրսևորվում է այն ժամանակ, երբ համատեղ ստանձնած հանձնառությունները գործնականում կյանքի են կոչվում։

Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է։ Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։

Հայաստանը պատրաստ է իր լիարժեք ներդրումն ունենալ այս ընդհանուր ջանքերում և աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ ապահովելու, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները դառնան հետևողական գործողությունների հիմք և հանգեցնեն իրական, երկարաժամկետ արդյունքների՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան։

Թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության։

Սա նշանակում է գործել հանուն բնության՝ «Taking Action for Nature»:

Այս խոսքերով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին 2026թ. համաժողովը՝ COP17-ը և կոնվենցիայի արձանագրությունների հանդիպումերը հայտարարում եմ բացված»,- նշել է Փաշինյանը։

Leave a comment