Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումներից մեկին։ Հարվածների հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տարածաշրջանում արձանագրվել են բնակելի ֆոնդի, տրանսպորտային և արդյունաբերական ենթակառուցվածքների զգալի ավերածություններ։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է 145 ուկրաինական անօդաչու սարք։ Ռուսաստանի ՊՆ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ խոցվել է 1015 ԱԹՍ։ Սանկտ Պետերբուրգում զոհվել է 1 մարդ, 5-ը հոսպիտալացվել են։ Վնասվել է 12 բազմաբնակարան և երկու մասնավոր տուն։ Հրդեհներ են բռնկվել «Պետերբուրգյան նավթային տերմինալում», «Ռուչյի» նավթաբազայում և Կոլպինսկի շրջանի արդյունաբերական պահեստներում։ Բացի այդ, վնասվել և ուղղաթիռներով մարվել է Ozon ցանցի լոգիստիկ կենտրոնը, ժամանակավորապես փակվել է «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքը և դադարեցվել երթևեկությունը Արևմտյան արագընթաց տրամագծի (ЗСД) կենտրոնական հատվածում։
Լենինգրադի մարզում տուժել է 10 մարդ, այդ թվում՝ Վսևոլոժսկ քաղաքում բնակվող մայրը՝ 3 երեխաների հետ, որոնք հոսպիտալացվել են շմոլ գազով թունավորմամբ։ ԱԹՍ-ների բեկորների անկումներ են գրանցվել Գատչինայում, Կիրովսկում, իսկ Լոմոնոսովսկի շրջանում վնասվել է 55 կայանված ավտոմեքենա։ Անօդաչուները գրոհել են նաև Վսևոլոժսկի շրջանում գտնվող VK ընկերության տվյալների մշակման կենտրոնը , սակայն ծառայությունները շարունակում են գործել սովորական ռեժիմով։ Ենթակայանների անջատման պատճառով Յանինոյում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 20 հազար բնակիչ։ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։