Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին. Սիմոյանը չի ստանա 2 մլն դրամ

Բաժանորդագրվել

Ալեն Սիմոնյանն Էդգար Ղազարյանին պետք է վճարի 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության վերաբերյալ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած հայցը դատարանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը տեղեկացրել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը վճիռը հրապարակել է հոկտեմբերի 14-ին։ Պատգամավորը հիշեցրել է, որ դատական վեճը վերաբերում էր «Ընտանեկան կոռուպցիա. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։

Պատգամավորի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը չի ստանա իր պահանջած 2 մլն դրամը։ Ավելին՝ դատարանի վճռով նա պետք է Էդգար Ղազարյանին վճարի 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Ղազարյանը հայտնել է նաև, որ դատական գործով նախատեսված է 80 հազար դրամ պետական տուրքի վճարում։

«Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք»,– գրել է Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջ ունեն, որից 2 մլն արդեն դատարանը մերժեց։

Leave a comment