2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է, որ սեփականատերը կկարողանա նախաձեռնել իր գույքի հասցեում հաշվառված անձին հաշվառումից հանելը, իսկ հաշվառված անձը պատասխանելու համար կունենա 5 աշխատանքային օր։ Եթե այդ ժամկետում պատասխանեք, և հաստատվի 2 հանգամանքից առնվազն մեկը, սեփականատիրոջ նախաձեռնությունը կմերժվի։ Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև 2026 թվականի հոկտեմբերի 25-ը և դեռ ընդունված չէ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնը նախատեսված է Ներքին գործերի նախարարության մշակած «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի հավելվածի 52–57-րդ կետերով։
Ի՞նչ է փոխվում
Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման N 1 հավելվածի 13.1-ին կետով սահմանված գործող կարգով, եթե Կադաստրի տվյալներով անձը բնակարանի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունի, սեփականատիրոջ դիմումի հիման վրա նրան հանում են հաշվառումից, և միայն դրանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցում։ Նախագծով նախատեսվում է նախ ծանուցել անձին և նրան տալ 5 աշխատանքային օր՝ պատասխանելու համար։
Ինչպե՞ս է սկսվում գործընթացը
Սեփականատերը դիմում է տեղեկությունների մուտքի հարթակի կամ միգրացիայի և քաղաքացիության բնագավառի լիազոր մարմնի միջոցով։ Լիազոր մարմինը ծանուցում է հաշվառված անձին, իսկ անչափահասի դեպքում՝ նրա ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին։ Ծանուցումն ուղարկվում է հարթակի միջոցով, իսկ ռեգիստրում էլեկտրոնային փոստի հասցե լինելու դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստով։
Ո՞ր 2 դեպքում ձեզ չեն կարող հանել հաշվառումից
Ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք հայտնել՝
գույքն օգտագործելու կամ այդ հասցեում բնակվելու իրավական հիմքի մասին. այն ստուգվում է Կադաստրի կոմիտեի տվյալներով (սեփականության, համասեփականության, գնման կամ օգտագործման իրավունք),
այդ հասցեում փաստացի բնակվելու մասին. այն ստուգում է ոստիկանությունը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Եթե հաստատվում է առնվազն մեկը, սեփականատիրոջ նախաձեռնությունը մերժվում է։ Եթե երկուսն էլ չեն հաստատվում, հաշվառումն անմիջապես դադարեցվում է։
Իսկ եթե չպատասխանե՞ք
5 աշխատանքային օրվա ավարտին հիմնական հասցեի գրանցումը դադարեցվում է ինքնաշխատ։ Իսկ եթե համաձայնեք, այն կդադարեցվի համաձայնությունն ստանալու պահին։ Հաշվառումից հանվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գրանցեք նոր հիմնական հասցե։ Լիազոր մարմնի որոշումը կարող եք բողոքարկել օրենքով սահմանված կարգով։
Ամփոփում
Ամփոփելով՝ «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից սեփականատիրոջ նախաձեռնությամբ ձեզ չեն կարող հանել հաշվառումից, եթե հաստատվի գույքն օգտագործելու իրավական հիմքը կամ այդ հասցեում փաստացի բնակվելը, սակայն դրա մասին պետք է հայտնել ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։