Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության
«Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության»,- նշել է ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցել է Զվարթնոցի տաճար, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ոչ։
Լրատվությունից տեղեկացանք, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար։
Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։ Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի։
Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։
Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։