Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը հետաձգվել են սահմանափակումների պատճառով

Բաժանորդագրվել

Որոշ չվերթերի ուղևորները սպասում են ավելի քան 10 ժամ։ Որոշ չվերթեր հետաձգվել են մինչև հոկտեմբերի 18-ը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումների պատճառով Երևանից դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթերը հետաձգվել են։

«Աէրոֆլոտ» ավիաընկերության ուղևորներն արդեն 14 ժամ սպասում են «Շերեմետևո» օդանավակայանից Երևան մեկնելուն: Նրանց չվերթը պետք է մեկներ առավոտյան՝ ժամը 04։30-ին, բայց էլեկտրոնային ցուցատախտակի վրա թռիչքի հնարավոր ժամը նշված է 18։55։ Մի քանի այլ չվերթեր հետաձգվել են մի քանի ժամով, այդ թվում՝ մինչև հոկտեմբերի 18-ը։

Նմանատիպ իրավիճակ է նաև «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի օդանավակայաններ չվերթերի դեպքում։ « Աէրոֆլոտի» ժամը 5:30-ին նախատեսված չվերթը հետաձգվել է մինչև ժամը 20:00։ «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է ժամը 11:10-ին դեպի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված թռիչքը։ Մոսկվա և Ռուսաստանի այլ քաղաքներ մի քանի այլ չվերթեր հետաձգվել են մի քանի ժամով կամ մինչև հոկտեմբերի 18-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 370 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱԹՍ-ներ հարձակման սպառնալիքի պատճառով: Անցած գիշեր ՀՕՊ-ը մայրաքաղաքին մոտենալիս խոցել է 144 դրոն։

Leave a comment