Ավստրալիայի առողջապահության նախկին նախարարը միացել է Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին

Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Գրեգ Հանթը (Greg Hunt) միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական նախաձեռնության միջազգային խորհրդատվական խորհրդին։

2017–2022 թվականներին Գրեգ Հանթը զբաղեցրել է Ավստրալիայի առողջապահության նախարարի պաշտոնը՝ ղեկավարելով երկրի արձագանքը COVID-19 համավարակին։ Նրա պաշտոնավարման ընթացքում հեռաբժշկական ծառայությունները դարձել են Ավստրալիայի Medicare պետական առողջապահական ծրագրի մշտական բաղադրիչ։

Գրեթե երկու տասնամյակ գործունեություն ծավալելով Ավստրալիայի խորհրդարանում՝ Հանթը տարբեր տարիներին զբաղեցրել է նաև շրջակա միջավայրի, արդյունաբերության, նորարարության և գիտության, ինչպես նաև սպորտի նախարարի պաշտոնները։

Ինչպես հայտնել էինք՝ օրերս ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել էր այն լուրին, որ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Գևորգը ոչ միայն բացառիկ մասնագետ է, այլև ազնիվ, սկզբունքային և իր գործին նվիրված մարդ։ Քաղաքացի, որն իր մասնագիտական պարտականություններից զատ անտարբեր չէ մեր պետության ճակատագրի հանդեպ։ Մարդասեր բժիշկ, որն ապրում է յուրաքանչյուր բուժառուի խնդիրներով և պայքարում մարդկային կյանքերի համար։

 

Leave a comment