SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է սահմանափակել Starlink արբանյակային կապի ցանցի գործունեությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է «The Telegraph»-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ չորս աղբյուրի։
Թրամփը համաձայնել է առաջարկին, ինչից հետո Պենտագոնը սահմանափակումներ է մտցրել Starshield ռազմական համակարգի նկատմամբ։
Սահմանափակումները վերաբերել են այն տերմինալներին, որոնք տեղադրված են եղել մոտավորապես 160 կմ/ժ-ից բարձր արագությամբ շարժվող հարթակների վրա։
Ավելի վաղ Մասկը հերքել էր իր պատասխանատվությունը սահմանափակումների համար՝ պնդելով, որ արագության և Starshield-ի օգտագործման վերաբերյալ որոշումները կայացնում են ԱՄՆ իշխանությունները։
«The Telegraph»-ի հետ զրուցած աղբյուրներից մեկը Մասկի վերաբերյալ նշել է. «Նա Twitter-ում գրել էր, որ ինքը մեղավոր չէ, և որ դա արել է ԱՄՆ վարչակազմը։ Իրականում, երկուսն էլ [Մասկն ու Թրամփը] ներգրավված են եղել»։ Այս տեղեկությունը թերթին հաստատել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան և ուկրաինական կողմից երկու տեղեկացված աղբյուր։
Բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Մասկը մտավախություն է ունեցել, որ ծառայության սահմանափակումները կարող են բացասական արձագանք առաջացնել եվրոպացի սպառողների շրջանում։ Բացի այդ, աղբյուրը նշել է, որ Լեհաստանը զգուշացրել էր Եվրոպայի՝ ձեռնարկատիրոջից և SpaceX-ից ունեցած չափազանց մեծ կախվածության մասին։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ավելի վաղ հրապարակայնորեն դիմել էր Մասկին՝ ասելով. «Մենք՝ ձեր եվրոպացի հաճախորդներս, հետևում ենք ձեզ»։