Ջո Մանգանելոն հրապարակել է իր հուշագրությունները․ դրանցում տեղ են գտել հայկական արմատներն ու Հայոց ցեղասպանության պատմությունը

Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանելոն, ով հանրությանը քաջ հայտնի է «Հարազատ արյուն» (True Blood) և «Վան-Փիս» (One Piece) սերիալներից, ինչպես նաև «Սուպեր Մայք» (Magic Mike) ֆիլմաշարից, հոկտեմբերի 13-ին հանրությանն է ներկայացրել իր «Bloodlines» (Արյունակցական գծեր) ինքնակենսագրական հուշագրությունը։ Գրքում դերասանը բացահայտում է առողջական ծանր փորձությունների ու երկարատև հիվանդության մասին իր պատմությունը, որն ի վերջո նրան առաջնորդել է դեպի սեփական հայկական արմատների բացահայտումն ու Հայոց ցեղասպանությունը վերապրած նախատատի պատմությանը։

Շուրջ յոթ տարի դերասանը պայքարել է աուտոիմուն հիվանդությունների բարդ համալիրի դեմ, որոնք ախտահարում էին նրա մաշկը, վահանագեղձը, աչքերը, թոքերն ու մարսողական համակարգը։ Նա վերապրել է կյանքի համար սպառնալից մի քանի ճգնաժամային պահեր և օրգանի հեռացման վիրահատություն, մինչդեռ բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հստակ ախտորոշում տալ նրա վիճակին։ Այս բարդ պայքարի և պատասխանների որոնման ընթացքում էլ Մանգանելոն խորամուխ է եղել իր տոհմածառի ու նախնիների կրած ժառանգական ցավի ուսումնասիրության մեջ։

Հատկանշական է, որ գրքի աուդիո տարբերակը դերասանն անձամբ է ձայնագրել․ դրանում տեղ են գտել պաշտպանության հայկական աղոթքը, ինչպես նաև Սերժ Թանգյանի «Snow on Ararat» (Ձյունն Արարատին) ստեղծագործությունը։ 2024 թվականին Մանգանելոն այցելել էր Հայաստան, իսկ ներկայումս հանդիսանում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) տնօրենների նախագահության անդամ՝ ակտիվորեն աջակցելով Հայաստանի գյուղական համայնքների երեխաներին ու ընտանիքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment