2026թ․–ին հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կգերազանցի 5%-ը, ինչը, ըստ Ջհանյանի, ռեկորդային ցուցանիշ կլինի
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը 2027 թվականին կկազմի 3 մլրդ դոլար, հայտարարել է Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը։
«Անցյալ տարի ես կանխատեսում էի, որ 2031 թվականին հնարավորություն կա, որ Հայաստանի Հանրապետությունում մեր ոլորտը կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում, բայց դա արդեն մի քիչ ավելի շուտ է լինելու: 2027 թվականին, ըստ մեր ասոցիացիայի կանխատեսման, մենք ունենալու ենք 3 մլրդ–ի արտահանում միայն մեր ոլորտից», – ասել է Ջհանյանը Mining Armenia Forum 2026-ում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ 2026 թվականին հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կգերազանցի 5%-ը, ինչը, ըստ Ջհանյանի, ռեկորդային ցուցանիշ կլինի։
Նա ընդգծել է, որ խոսքը ոլորտի ուղղակի մասնաբաժնի մասին է, իսկ անուղղակի ազդեցությունը գրեթե կրկնակի ավելի է։
«2026 թվականին կանխատեսվում է, որ մեր տնտեսությունը պետք է աճի մոտ 6,7%-ով, բայց մեր ոլորտը գրանցելու է 21,5% աճ», – ասել է Ջհանյանը։
Ըստ նրա՝ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի 26%-ը բաժին կընկնի հանքարդյունաբերության ոլորտին։ 2027 թվականին դրա ներդրումը, ըստ կանխատեսման, կկազմի ՀՆԱ մոտ 11%ը, ինչը գրեթե կրկնակի աճ է 2025 թվականի համեմատ։
«Դա պայմանավորված է մի քանի նախադրյալներով․ դրանցից մեկն Ամուլսարի շահագործումն է», – հայտնել է Ջհանյանը։
Նրա խոսքով՝ 2031 թվականին ոլորտը կարող է ապահովել արդեն 5 մլրդ դոլարի արտահանում։
«Համոզված եմ, որ 2031 թվականին մեր ոլորտը հնարավորություն ունի ապահովելու 5 մլրդ–ի արտահանում, ինչը չափազանց մեծ թիվ է Հայաստանի Հանրապետության համար», – նշել է Ջհանյանը։