«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի որոշ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։
2025 թվականի նոյեմբերի 19-ին ընդունվել է «Բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 116 որոշումը, որով նախատեսված է բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների դրոշմավորումն իրականացնել նույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով։ Միաժամանակ, սահմանվել է նաև նշված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման շրջանառության արգելքի վերջնաժամկետներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում այդ ժամկետների սահմանման առանձնահատկությունները։ Մասնավորապես՝ որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում սահմանվում է 2027 թվականի մարտի մեկից։ Անդամ պետությունն իրավասու է սահմանելու իր տարածքում նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքի ավելի ուշ ժամկետ՝ պայմանով, որ այդ ապրանքները շրջանառության մեջ գտնվեն միայն տվյալ անդամ պետության տարածքում։
Ըստ նախագծի հեղինակների, այս կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակագի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում ապրանքների շրջանառության ճշգրիտ և իրատեսական պատկեր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում