«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, դուրս է գալիս սովորական տնտեսական կամ իրավական կարգավորման շրջանակներից: Գործադիրը, հղում անելով ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգությանն ու քաղաքացիների՝ անխափան ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքին, փաստացի մեկնարկեց խոշորագույն մասնավոր ակտիվի վերաբաշխման նոր փուլ:
Մինչ պաշտոնական հիմնավորումները փաթեթավորվում են անվտանգային բարձրագոչ լոզունգներով, իրականում տեղի ունեցողը ստեղծում է իրավական ու քաղաքական վտանգավոր նախադեպ: Հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում «հանրային գերակա շահ» հասկացությունը մշտապես ծառայել է որոշակի անշարժ գույքի կամ տարածքների օտարման համար՝ պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելու նպատակով: Ամբողջական բաժնետիրական ընկերության, այն էլ երկրի խոշորագույն գործատուներից ու հարկատուներից մեկի 100 % բաժնետոմսերն այս գործիքակազմով վերցնելը ոչ միայն հարցականի տակ է դնում սեփականության անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, այլև ուղիղ ազդակ է հղում բիզնես միջավայրին:
Այս գործընթացը խորքային հարված է հասցնում երկրի ներդրումային գրավչությանը: Ցանկացած խոշոր կապիտալ, լինի տեղական թե արտասահմանյան, առաջնորդվում է կանխատեսելիության և իրավական պաշտպանվածության կանոններով: Երբ պետական ապարատը ցանկացած պահի կարող է վարչական լծակներով դադարեցնել լիցենզիան, իսկ հետո «գերակա շահի» մեխանիզմով սեփականազրկել ընկերությունը, շուկայում ձևավորվում է անվստահության այնպիսի մթնոլորտ, որի հետևանքները տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել:
Խնդրի մյուս կողմը միջազգային իրավական ու ֆինանսական ռիսկերն են: Միջազգային արբիտրաժային դատարաններում նմանօրինակ գործընթացները տարիներ են տևում և, որպես կանոն, պետությունների համար ավարտվում են հսկայական ֆինանսական կորուստներով: Արդյունքում՝ քաղաքական որոշումների կայացման պահին առաջնորդվող կարճաժամկետ շահերը հետագայում կարող են ծանրագույն ֆինանսական բեռ դառնալ պետական բյուջեի և հարկատուների համար:
Ակնհայտ է, որ կառավարությունն այս քայլով ոչ թե էներգետիկ անվտանգությունն է ապահովում, այլ սեփական քաղաքական կամակորություններն է սպասարկում՝ երկրի տնտեսությունը կանգնեցնելով աղետի առջև։ Սեփականության իրավունքն ու օրենքի գերակայությունը ոտնահարող, ներդրումային միջավայրը հողին հավասարեցնող այս ավանտյուրայի ամբողջ ծանրությունն ի վերջո ընկնելու է հենց քաղաքացիների ու պետական բյուջեի ուսերին, իսկ իշխանության անպատասխանատու որոշումների ֆինանսական ու քաղաքական հաշիվը ստիպված են լինելու վճարել բոլորը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում