Երևանում անցկացվող «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քննարկման ընթացքում վարչապետն Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտության ավարտից հետո ստեղծված հնարավորություններին, ինչպես նաև Թուրքիայի հետ բնապահպանական համագործակցության հեռանկարներին, հայտնում է Արմենպրեսը:
Փաշինյանը նշել է, որ երկարատև հակամարտությունները բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն երկրների անվտանգության և տնտեսության, այլև բնական միջավայրի ու կենսաբազմազանության վրա՝ նշելով, որ հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են:
«Հակամարտության ներքին հետևանքը կենսաբազմազանության վրա մեզ համար տեսանելի է, դրան հետևեց էներգետիկ ճգնաժամը, որի հետևանքով հազարավոր հեկտարներ անտառներ հատվեցին Հայաստանի Հանրապետությունում, որսագողությունը, ըստ էության, Սևանում ձկնային պաշարների ոչնչացման եզրին հասնելը: Մեր տարածաշրջանի օրինակով կարող եմ ասել, որ սահմանների պաշտպանական և ամրաշինական կառույցների, ըստ էության, չպլանավորված և անվերահսկելի կառուցումը մեծ խնդիրներ է առաջացնում այդ թվում կենսաբազմազանության տեսակետից: Այնտեղ, որտեղ խանգարում են անտառները պաշտպանության տրամաբանությանը, այդ անտառները հատվում են, այնտեղ, որտեղ այլ բնական միջավայր է որոշակի խնդիրներ առաջացնում, այդ բնական միջավայրը փոխվում է: Հակամարտության գոտիներում սովորաբար լինում են ականապատ դաշտեր և բազմաթիվ կենդանիներ ուղղակի պայթում են այդ ականների վրա: Մի իքս պահի արձանագրում ենք, որ կենդանիների որոշակի տեսակներ, բնության որոշակի հատվածներ պարզապես ոչնչացվել են»,- ասել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ զինված հակամարտությունների հետևանքները խորանում են նաև այն պատճառով, որ հակամարտող պետությունները հաճախ զրկվում են կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից։
«Իհարկե, խաղաղությունն ու կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն, թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով: Խաղաղության հաստատման գործընթացում շրջակա միջավայրի հարցերը ներկա են, նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի հետ կապված հարցերին: Մենք այսօր արդեն իսկ քննարկում ենք, թե շրջակա միջավայրի որ ոլորտում է, որ կարող ենք համագործակցություն ունենալ: Մենք ունենք ընդհանուր գետեր, որոնք մի երկրի տարածքում սկսվում են, շարունակվում են մեկ այլ երկրի տարածքում: Կենսաբազմազանությունն այն է, որ միացնում է երկրները և այստեղ համագործակցելու շատ մեծ հնարավորություն և պոտենցիալ կա»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է հատկապես անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության հնարավորությունները։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանի մի շարք գետեր անցնում են տարբեր պետությունների տարածքներով, ինչի պատճառով դրանց պահպանությունն ու արդյունավետ կառավարումը պահանջում են հարևան երկրների համաձայնեցված գործողություններ։
Վարչապետն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ դեռևս հաստատված չեն։
«Ունենք շատ դրական երկխոսություն և համոզված եմ, որ առաջիկայում այստեղ էլ պատմական փոփոխությունների կհասնենք: Ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան: Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,- ասել է Փաշինյանը:
Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցնելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջազգային միջոցառմանը կմասնակցեն տարբեր պետությունների պատվիրակություններ, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովի ընթացքում նախատեսվում է գնահատել կենսաբազմազանության պահպանության ոլորտում գրանցված առաջընթացը և քննարկել հետագա համագործակցության ու համատեղ գործողությունների ուղղությունները։