«Ռեալ Մադրիդ»-ը պահանջում է Խավիեր Տեբասի անհապաղ հրաժարականը

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պահանջում է Իսպանիայի «Լա Լիգա»-ի նախագահ Խավիեր Տեբասի հրաժարականը։

«Ի պատասխան Խավիեր Տեբասի՝ «Լա Լիգա»-ի նախագահի և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի փոխնախագահի արած հայտարարությունների, որոնցում նա «Ռեալ Մադրիդ»-ի ղեկավարության կիրառած մեթոդները համեմատում է նացիստական ​​վարչակարգի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի մեթոդների հետ, իսկ «Real Madrid TV»-ն ներկայացնում որպես այդ ենթադրյալ ռազմավարության գործիք, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է հետևյալը.

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն բացարձակապես անհանդուրժելի և չափազանց լուրջ է համարում, որ իսպանական ֆուտբոլում երկու բարձրագույն պատասխանատվության պաշտոն զբաղեցնող անձը համեմատում է նացիստական ​​ռեժիմի քարոզչական մեթոդների հետ՝ մեր ակումբը, նրա ղեկավարությունը և հեռուստատեսությունը վարկաբեկելու համար։ Այն պարզաբանումը, որ նա հղում չի անում նացիստական ​​գաղափարախոսությանը, չի մեղմացնում նրա հայտարարությունների խորապես վիրավորական, բարոյապես զզվելի և ինստիտուցիոնալ առումով անարժան բնույթը։

Այս հայտարարությունները Խավիեր Տեբասի կողմից «Ռեալ Մադրիդի», նրա նախագահի և լրատվամիջոցների դեմ ուղղված բազմիցս իրականացվող հարձակումների ևս մեկ դրվագ են։ Անընդունելի է, որ նա նույնիսկ օգտագործում է ակումբին չառնչվող լրագրողների հարցերը, տեղեկատվությունը կամ կարծիքները՝ իր մեղադրանքն ուղղելու համար։

Հատկապես մտահոգիչ է, որ Տեբասն օգտագործում է այս հայտարարությունները՝ կասկածի տակ դնելու «Ռեալ Մադրիդի» և «Ռեալ Մադրիդ ԹՎ»-ի օրինական գործողությունները՝ կապված «Նեգրեյրայի գործի» հետ։

Հաշվի առնելով, որ երկու այն կառույցները, որտեղ Խավիեր Տեբասը զբաղեցնում է առանցքային պաշտոններ, որևէ կերպ չեն արձագանքել «Նեգրեյրայի գործի» ծայրահեղ լրջությանը, մեր ակումբը ստիպված է եղել անմիջականորեն դիմել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով լիարժեք պարզաբանումներ տալ այն վճարումների վերաբերյալ, որոնք տարիների ընթացքում «Բարսելոնա» ՖԱ-ն կատարել է Մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահին, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մրցումների ազնվությունը և անաչառությունը երաշխավորելու համար։

«Ռեալ Մադրիդը» նաև պահանջում է մրցավարական համակարգի, ինչպես նաև ֆեդերացիայի կառավարման, ղեկավարման, վերահսկողության և կարգապահական կառույցների արմատական ​​վերափոխում՝ այդ ժամանակահատվածում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց փոխարինման միջոցով։

Հատկանշական է, որ «Լա Լիգայի» նախագահ և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (որի կազմում գործում է Մրցավարների տեխնիկական կոմիտեն) փոխնախագահ  Խավիեր Տեբասն իր ջանքերն ուղղում է «Ռեալ Մադրիդի» հեղինակազրկմանը, փոխանակ իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում նպաստի այս չափազանց լուրջ իրադարձությունների պարզաբանմանը և իսպանական ֆուտբոլի անհրաժեշտ առողջացմանն ու վերափոխմանը։

Խավիեր Տեբասի կրկնվող վարքագիծը ցույց է տալիս չեզոքության, հարգանքի և անաչառության պակաս, որը անհամատեղելի է նրա ինստիտուցիոնալ պարտականությունների հետ: Նրա անընդհատ հարձակումները «Ռեալ Մադրիդի» և թափանցիկություն ու վերածնունդ պահանջողների վրա, մեր ակումբի կարծիքով, իսկական պատուհաս են իսպանական ֆուտբոլի համար։

Այս բոլոր պատճառներով «Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն կարծում է, որ Խավիեր Տեբասի կրկնվող հայտարարություններն ու վարքագիծը անընդունելի կլինեն ցանկացած եվրոպական սպորտային հաստատությունում, որը կառավարվում է հարգանքի, չեզոքության և ազնվության սկզբունքներով, և որ դրանք ինստիտուցիոնալ առումով զրկում են նրան զբաղեցրած պաշտոնները շարունակելու հնարավորությունից։

Հետևաբար, «Ռեալ Մադրիդ»-ը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը Լա Լիգայի նախագահի և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոններից։

«Ռեալ Մադրիդ»-ը շարունակելու է պաշտպանել իր իրավունքները և ինստիտուցիոնալ հեղինակությունը, ձգտելու է «Նեգրեյրայի գործի» լիակատար պարզաբանմանը, ինչպես նաև իսպանական ֆուտբոլի անհրաժեշտ վերականգնմանը։

Leave a comment