Հայ դատը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ցանկալի թեկնածուների ցանկը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026 թվականի գնահատման արդյունքները և առաջիկա ընտրություններում իր աջակցությունը վայելող թեկնածուների ցանկը՝ առաջնահերթ համարելով Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությունը։

Հանձնախումբը համապարփակ գնահատման է ենթարկել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամների գործունեությունը՝ կիրառելով ավելի քան 70 չափանիշ, հայտնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

2026 թվականի ընտրական գործընթացում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրություններին մասնակցող ընդհանուր առմամբ 63 թեկնածուի։

Կազմակերպությունը սահմանել է քաղաքական մի շարք առաջնահերթություններ, որոնք հիմք են դարձել ինչպես գործող կոնգրեսականների գնահատման, այնպես էլ ընտրություններին մասնակցող թեկնածուների նկատմամբ դիրքորոշում ձևավորելու համար։ Առաջնահերթ ուղղություններից է Արցախի հայաթափման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի բարձրացումը։ Հանձնախումբը կարևորել է նաև բռնի տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունը։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման պահանջը։

Հայ դատի հանձնախումբը կարևորել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ամրապնդումը՝ միաժամանակ նպատակ ունենալով նպաստել հայ-ամերիկյան գործընկերության հետագա խորացմանը։

Կազմակերպության քաղաքական օրակարգում ընդգրկվել է նաև Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության սահմանափակումը և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամբողջական կիրառման ապահովումը։

Մյուս կարևոր ուղղությունը Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումն է, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսված մեխանիզմների կիրառմամբ։

Հանձնախումբը շարունակում է առաջնահերթ համարել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ամրապնդումը և այդ պատմական իրողության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը։

Կոնգրեսականների գնահատման մեթոդաբանությունը ներառել է նրանց օրենսդրական գործունեության տարբեր բաղադրիչներ։

Մասնավորապես, հաշվի են առնվել Հայաստանի և Արցախի հարցերին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին ցուցաբերած աջակցությունը, Կոնգրեսի համապատասխան նամակներին միանալը, ինչպես նաև Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքներին մասնակցությունը։

Գնահատման վրա ազդեցություն են ունեցել նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենսդիրների հրապարակային հայտարարությունները և ամերիկահայ համայնքի հետ նրանց համագործակցության մակարդակը։

Աջակցություն ստացող թեկնածուների ցանկում ընդգրկվել են թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ընդգծել է, որ թեկնածուների ընտրության հարցում առաջնորդվել է ոչ թե նրանց կուսակցական պատկանելությամբ, այլ Հայաստանի և Արցախի վերաբերյալ ունեցած դիրքորոշումներով, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացրած գործնական աշխատանքով։

Կազմակերպությունն առանձնացրել է մի շարք ընտրատարածքներ, որտեղ նախատեսվող մրցակցային պայքարները հատուկ նշանակություն ունեն ամերիկահայ համայնքի քաղաքական առաջնահերթությունների տեսանկյունից։

Այդ ընտրապայքարների թվում են Նյու Հեմփշիր և Միչիգան նահանգներում ԱՄՆ Սենատի ընտրությունները, ինչպես նաև Տեխասի 28-րդ ընտրատարածքում Ներկայացուցիչների պալատի համար անցկացվող ընտրությունները։

Տեխասի նշված ընտրատարածքում հանձնախումբն իր ընդդիմությունն է հայտնել գործող կոնգրեսական Հենրի Կուելյարի թեկնածությանը։ Կազմակերպությունն այդ դիրքորոշումը հիմնավորել է Ադրբեջանի հետ առնչվող կաշառակերության գործով Կուելյարին առաջադրված մեղադրանքներով, ինչպես նաև նրա արտաքին քաղաքական գործունեության այն դրսևորումներով, որոնք, հանձնախմբի գնահատմամբ, նպաստել են Ադրբեջանի շահերին։

Միաժամանակ նշվել է, որ Հենրի Կուելյարը 2025 թվականի դեկտեմբերին ստացել է նախագահական ներում՝ մինչև իր գործով դատական քննության մեկնարկը։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի նոյեմբերի 3-ին: Ներկայացուցիչների պալատում ընտրվելու են բոլոր 435 տեղերը։ Սենատում ընտրվելու է Սենատի 100 տեղերից 35-ը (33 հերթական և 2 լրացուցիչ/հատուկ ընտրություններ)։ Ընտրություններ կանցկացվեն նաև ԱՄՆ 36 նահանգներում։

Leave a comment