Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը


Ազգային ժողովի՝ փետրվարի 13-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց, ապա նաև ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:


Նշենք, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է նախկինում ընդունված մի որոշման հետ, որով սահմանվել էր, որ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու են բացառապես թվային համակարգով:


Ըստ հիմնական զեկուցող, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի՝ շատ քաղաքացիներ ժամանակին ձեռք չեն բերել նույնականացման քարտեր, առանց որոնց՝ հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր, որոշվել է թույլ տալ՝ շարունակելու թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելը, մինչ բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտեր:


Նախագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը թվային համակարգով իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից: Իսկ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի երկրորդ քննարկման ժամանակ առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ը դարձնել 2027 թվականի հուլիսի 1:


Ազգային ժողովը 59 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:


 

Leave a comment