Երևանում անցկացվող COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում հայտարարվել է մինչև 2030 թվականն ավելի քան 100 երկրում անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար լրացուցիչ 500 միլիոն դոլար ներդնելու մասին։
«Բեզոս Երկրի հիմնադրամի» գործադիր տնօրեն և բնապահպանական լուծումների ուղղության ղեկավար Քրիստիան Սամփերը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվում է «Տեսակների վերականգնման դոնորների» դաշինք, որը միավորում է ինը մասնավոր դոնորների։ Սամփերի խոսքով՝ ֆինանսավորումը կաջակցի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4-րդ թիրախի իրականացմանը, որը նախատեսում է կանխել մարդու գործունեության հետևանքով տեսակների անհետացումը և նպաստել անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնմանը։
Նա նշել է, որ Բնության պահպանության միջազգային միության՝ IUCN-ի Կարմիր ցուցակի համաձայն՝ ավելի քան 31 հազար տեսակ դասակարգված է որպես բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգված կամ վտանգված։ Դրանց թվում ավելի քան 10 հազարն ունեն կրիտիկական վտանգված կարգավիճակ, իսկ այդ խմբի տեսակների 10%-ի պոպուլյացիաներում մնացել է 50-ից պակաս առանձնյակ։
Սամփերը նաև տեղեկացրել է, որ «Մեր մոլորակի պաշտպանություն» կոալիցիայի անդամները մինչև 2026 թվականի վերջը կտրամադրեն իրենց՝ մինչև 2030 թվականը բնության պահպանության համար 5 միլիարդ դոլար ներդնելու պարտավորության 3.7 միլիարդ դոլարը։ Կոալիցիան միավորում է 12 մասնավոր դոնորների։
Ելույթի ընթացքում Սամփերը ողջունել է նաև Հայաստանի և Կոլումբիայի առաջնորդությամբ ևս 14 հիմնադիր երկրի մասնակցությամբ CARES՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի մեկնարկը։
Նշենք, որ նոր դաշինքի հայտարարած 500 միլիոն դոլարը ինը դոնորների համատեղ պարտավորությունն է։
Դաշինքի անդամներն են «Բեզոս Երկրի հիմնադրամը», «Այերսի վայրի բնության պահպանության հիմնադրամը», «Կոլոսալ հիմնադրամը», «Կրիտիկական էկոհամակարգերի գործընկերության հիմնադրամը», «Սեգրեի հիմնադրամը», «Ֆրանկլինիայի հիմնադրամը», «Անձրևային անտառների հիմնադրամը», «Ռիուայլդ» կազմակերպությունը և «Վայրի բնության երկիր» կազմակերպությունը։
Սամփերը չի հստակեցրել, թե այդ գումարից որքան է ներդնելու առանձին «Բեզոս Երկրի հիմնադրամը»։
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը։ Միջոցառման նպատակն է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով խթանել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային համագործակցությունն ու արագացնել գլոբալ բնապահպանական նպատակների իրականացումը։
Հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։
Անի Թամրազյան