ԵՄ ղեկավարությունը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցության հարցում

Ուկրաինան կշարունակի օգնություն ստանալ Եվրամիությունից, այդ թվում՝ գալիք ձմռանը, և հեռանկարում կարող է ակնկալել ԵՄ-ին անդամակցություն։ Այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հայտարարությունները, որոնք նրանք արել են ուրբաթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ուկրաինայի էներգետիկ և ջրամատակարարման ենթակառուցվածքները  ոչնչացնելու համար, բայց մենք ձեր կողքին ենք»,- Բրյուսելում ելույթի ժամանակ դիմելով ընդգծել է ֆոն դեր Լայենը։

Նույն ելույթի ընթացքում նմանատիպ հայտարարություն է արել նաև Կոշտան․ «Եվրամիության աջակցությունն Ուկրաինային կմնա նույնքան ուժեղ, որքան նախկինում»։

ԵՄ-ն հավանություն է տվել էներգետիկ հրադադարին, որի մասին հոկտեմբերի սկզբին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն «Ռուսաստանը ոչ մի րոպե չի պահպանել այն», հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

«Հետևաբար, մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա»,- նշել է նա՝ այս կապակցությամբ հայտարարելով, որ պատրաստվում է պատժամիջոցների 22-րդ փաթեթը։

Միևնույն ժամանակ, ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրամիությունը մտադիր չէ վերացնել որևէ պատժամիջոց, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը։ Ըստ ամենայնի, այս դիտարկումը վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև կնքված դիզելային գործարքին, որի շրջանակում ԱՄՆ-ն վառելիքի գների նվազեցման նպատակով վերացրել է Մոսկվայի նկատմամբ այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում էին ռուսական դիզելային վառելիքի մատակարարմանը համաշխարհային շուկա։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ներկայում առկա լարվածությանը, ապա ո՛չ ֆոն դեր Լայենը, ո՛չ էլ Կոշտան ուղղակիորեն չեն անդրադարձել այդ թեմային։ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին «այն մարդը չէ, որի հետ ԱՄՆ-ն պետք է գործ ունենա», և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի նախագահն իրականում տրամադրված չէ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնության հասնելուն։

Ֆոն դեր Լայենի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 16-ին նախատեսվում է քննարկել «Ուկրաինայի ֆինանսական և ռազմական կարիքները»։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է Ուկրաինայի համար բացել Եվրամիությանն անդամակցության բանակցությունների դեռևս չբացված բոլոր կլաստերները։

Իր հերթին, Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ իր կառավարությունը կաշխատի անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մնացած երկու կլաստերները բացելու համար։

Հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի և Մոլդովայի համար բացվել էին բանակցային կլաստերներ՝ «Ներքին շուկա» և «Մրցունակություն ու ներառական աճ» ոլորտներում։

ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կազմակերպված են վեց խոշոր թեմատիկ բաժիններով, այսպես կոչված, կլաստերներով, որոնք ընդգրկում են օրենսդրության և պետական քաղաքականության տարբեր ոլորտներ։ Բանակցությունների ընթացքում Եվրամիությունը գնահատում է, թե որքանով է թեկնածու երկիրը պատրաստ կիրառել ԵՄ կանոններն ու չափորոշիչները։

Վեց կլաստերներն են՝ «Հիմքեր», «Ներքին շուկա», «Մրցունակություն և ներառական աճ», «Կանաչ օրակարգ և կայուն փոխկապակցվածություն», «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածություն» և «Արտաքին հարաբերություններ»։

Դրանցից առաջինը՝ «Հիմքեր» կլաստերը, Ուկրաինայի և Մոլդովայի համար բացվել է հունիսի 15-ին։ Հուլիսին Ուկրաինայի և Մոլդովայի համար բացվել են նաև «Արտաքին հարաբերություններ» կլաստերի շուրջ բանակցությունները։

Միաժամանակ, ըստ dpa գործակալության, դիտորդները չեն ակնկալում, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կավարտվեն մինչև հաջորդ տասնամյակի սկիզբը։

«Առաջին հերթին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում այս երկիրը դեռ շատ հեռու է ԵՄ չափորոշիչներից»,- ընդգծում են հոդվածի հեղինակները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment