Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են ուղիղ առևտրի հաստատման հնարավորությունները

Բաժանորդագրվել

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորություններն են քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլը հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։

Նախարարությունից նշել են, որ կողմերն անդրադարձել են նաև սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Այս տարվա մայիս 13–ին հայտնի դարձավ , որ Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր կլինի երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռների համար որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշել «Հայաստան/Թուրքիա»։

Leave a comment