«Գիտուժ» նախաձեռնությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով Ազգային ժողովի հետ համատեղ վերացնել 2027 թվականի պետական բյուջեի և գիտության զարգացման հնգամյա ռազմավարության միջև արձանագրված անհամապատասխանությունն այնպես, որ 2027թ. պետական բյուջեով ամբողջությամբ հատկացվեն ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված միջոցառումների իրականացմանն անհրաժեշտ միջոցները։
«Գիտուժը» տարածած հայտարարությամբ նաև անդրադարձել է հոկտեմբերի 15-ի կառավարության նիստին։
«Գիտուժը» ողջունում է հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում վարչապետի վերահաստատած հանձնառությունը՝ հասնելու կառավարության հայտարարած բոլոր նպատակներին, այդ թվում՝ հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորման թիրախներին։
Հոկտեմբերի 7-ի մեր հայտարարությամբ արձանագրել էինք կառավարության առաջարկած 2027թ. պետական բյուջեի և կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագրի հակասությունը», ասվում է հայտարարության մեջ:
Գիտական կենտրոնների վերազինման և դրամաշնորհային հետազոտությունների համար նախատեսվում է հատկացնել լրացուցիչ մոտ 2․36 միլիարդ դրամ։ Համապատասխան նախագիծը կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։