«Ոստիկանը, գտնվելով հանգստի մեջ, 10 րոպե չանցած հասել է դեպքի վայր»․ նախարարը՝ Շաքիի միջադեպի մասին

Փաստերն առավել քան բավարար են եզրակացնելու համար, որ ոստիկանությունը  պատշաճ կերպով ահազանգել է, ասել է նախարարը


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ահազանգից հետո ոստիկանը, գտնվելով հանգստի մեջ, 10 րոպե չանցած հասել է դեպքի վայր, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, և այդ ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել՝ առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենում։ Նաև ոստիկանի համար դժվար լսելի է եղել, թե ինչի մասին է խոսքը, բայց գտնվելով հանգստի մեջ, ոստիկանին հարիր պահվածքով, այդուհանդերձ դուրս է եկել բնակության վայրից և 10 րոպե չանցած՝ հասել է դեպքի վայր։ Արդեն դեպքը, բնականաբար, տեղի ունեցած է եղել», – ասել է Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ տուժողի որդին ոստիկանի ներկայությամբ և ուղղորդմամբ զանգահարել է նաև 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

«Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգի պայմաններում բնական է, որ ունենք ստանդարտացված կարգ, երբ 10 րոպեում պետք է ապահովենք օպերատիվ խմբի մեկնումը, բայց այս դեպքում 10 րոպեում արդեն օպերատիվ խումբը տեղում է եղել․ այսինքն՝ այս տեսանկյունից առավել քան արագ են գործել ծառայողները», – նշել է նախարարը։

Ըստ Սարգսյանի՝ տվյալ փաստերն առավել քան բավարար են եզրակացնելու համար, որ ոստիկանությունը պատշաճ կերպով ահազանգել է:

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:

Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։


 

Leave a comment