Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։

Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027 թ.֊ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով դրանք տարեկան 20 մլրդ խմ֊ի։

Բաքուն բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում։ Ռուսական գազի ներմուծումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ներքին պահանջարկը բավարարելու և արտահանման ծավալները պահպանելու համար։

Այս ֆոնին ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ռուսական գազից կախվածության նվազեցման և այլընտրանքային մատակարարումների մասին։ Առավելապես` Ադրբեջանից։

Հետաքրքիր հակադրություն է ստացվում։ Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, պատրաստ է գնել ռուսականը՝ ելնելով տնտեսական շահերից։ Հայաստանը, չունենալով սեփական գազ, քննարկում է ռուսականից հրաժարվելու հնարավորությունը։

Հ.Գ. Թեև մեծ է հնարավորությունը, որ Լիխաչյովի ու Բելոզյորովի այցերից հետո Երևանի հակառուսական հռետորաբանության աստիճանը շարունակաբար կիջեցվի։ Արդեն է իջեցվում»։

Leave a comment