Փոխվարչապետ․ Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա (PAN.am)

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:

«Չկա համաձայնություն։ Ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Մհեր Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մինչ այժմ անցկացվել է ընդհանուր առմամբ 13 հանդիպում, բոլոր հանդիպումների վերաբերյալ էլ եղել է պաշտոնական հրապարակում։

Նա հավելել է, որ աշխատանքային հանդիպման շրջանակներում անկլավ-էքսկլավների հարցի շուրջ քննարկում չի եղել, եթե լիներ՝ հաղորդագրություն կլիներ։

Հոկտեմբերի 14-ին Փաշինյանն ասել էր, որ, իր ընկալմամբ, ՀՀ և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակմամբ, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա, Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Հաջորդ օրը նա հայտարարել է, որ իր քաղաքական առաջնահերթություններից է մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման ապահովումը։

Leave a comment