Ստամբուլում 9 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել․ մասնակցել է նաև Թուրքիայի ԱԳ փոխնախարարը

Ստամբուլում հոկտեմբերի 14-ին ՀՀ Անկախության 35-ամյակի առթիվ InterContinental հյուրանոցում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել։ Միջոցառումը նախաձեռնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, հայտնում է Agos-ը։

ՀՀ անկախության տարեդարձն առաջին անգամ է Ստամբուլում պաշտոնական մակարդակով նշվել 9 տարվա ընդմիջումից հետո։ Ընդունելությանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջին, այլ դիվանագետներ։

Ընդունելությանը ներկա են եղել նաև օտարերկրյա առաքելությունների ղեկավարները, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հրանտ Դինքի հիմնադրամի խորհրդի նախագահ Ռաքել Դինքը, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը և Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։

«Այս ընդունելությունը խորհրդանշական քայլ է ներկայիս կարգավորման ջանքերում: Ստամբուլում ընդունելություն չէր անցկացվել գրեթե ինը տարի: Սա նաև հաջողություն է այն բարձրաստիճան թուրք պաշտոնյաների համար, ովքեր մեզ հետ աշխատում են կարգավորման գործընթացում: Եվ սրանք փոքր քայլեր են, որոնք ապացուցում են, որ գործընթացը դրականորեն շարունակվում է»,- Agos-ին ասել է Նաիրի Պետրոսյանը։

Միջոցառմանն ունեցած ելույթում նա շնորհակալություն հայտնել հյուրերին և անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին։

«Մեր հույսն այն է, որ այս տարածաշրջանում կտիրեն խաղաղություն և համագործակցություն։ Հայաստանը որդեգրել է «հարևանները՝ նախևառաջ» քաղաքականությունը՝ առաջնահերթություն տալով հարևանների հետ հարաբերություններին։ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի կայունության մեջ իր ներդրումը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման հիմնարար խնդիր»,- ասել է Նաիրի Պետրոսյանը։

Նա նշել է, որ վերջին տարիներին կայուն առաջընթաց կա Հայաստանի և Թուրքիայի երկխոսության մեջ: Նպատակն է՝ հիմնվել այս առաջընթացի վրա, խրախուսել և զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

«Մեր առաջնորդները՝ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Էրդողանը, պարբերաբար հանդիպում են, ինչպես դա եղավ վերջերս՝ Նյու Յորքում։ Արտաքին գործերի նախարարներ Միրզոյանն ու Ֆիդանը նույնպես մշտական կապի մեջ են, այդ թվում՝ ընդամենը մի քանի օր առաջ կայացած հեռախոսազրույցի միջոցով։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանն ու Թուրքիան բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն։ Ավելին՝ երկու կողմերն էլ ունեն անհրաժեշտ քաղաքական կամք՝ քննարկելու այդ շահերը և դրանց հիման վրա փոխշահավետ լուծումներ մշակելու համար»,- ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ երկխոսությունն ընդլայնվում է բառացիորեն բոլոր ոլորտներում՝ տրանսպորտային կապերից մինչև կրթություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից մինչև էներգետիկա։

Ըստ նրա՝ երկու կառավարությունների ստանձնած՝ մինչև սահմանին գտնվող Անի քաղաքը ձգվող պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցման նախագիծը համագործակցությունը լիարժեք արտացոլող համապարփակ և հիանալի խորհրդանիշ է։ Հայաստանը նպատակ ունի վերականգնել Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև երկաթուղային և թվային կապերը։ Դա համաշխարհային նշանակության նախագիծ կլինի, որը մեծ օգուտներ է խոստանում բոլոր շահագրգիռ երկրներին։

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին էլ նշել է, որ կարգավորման գործընթացը երկկողմ մակարդակով իրականացնում են առավելագույն վճռականությամբ՝ լիակատար կարգավորման հասնելու համար։

«Այս համատեքստում շատ ուրախ ենք տեսնել, որ մեր երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների վերջին աճը զգալի ներդրում է ունեցել մեր երկկողմ երկխոսության ամրապնդման և փոխըմբռնման զարգացման գործում։ Ավելին, մենք բազմաթիվ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և ուղիղ առևտրի վերականգնման ոլորտներում։ Այս բոլոր քայլերը մեզ ամուր հիմքեր են տալիս՝ մեծ հույսով և լավատեսությամբ նայելու մեր տարածաշրջանի ապագային»,- ասել է նա։

Էքինջին իր ելույթն ավարտել՝ շնորհավորելով Հայաստանին։

Agos-ը նշում է, որ Թուրքիայից մինչ օրս սա ամենաբարձր մակարդակի մասնակցությունն էր Հայաստանի անկախության օրվա ընդունելություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment