Նախագծով նախատեսված հիմնական միջոցառումը ուղևորների մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն է։
Ջերմաստիճանի բարձր ցուցանիշ արձանագրելու դեպքում ուղևորին կտրամադրվի տեղեկատվական թերթիկ՝ Բունդիբուգյո վիրուսային հիվանդության ախտանիշների, կանխարգելման միջոցառումների և հետագա գործողությունների վերաբերյալ։ Հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանիշների հայտնաբերման դեպքում հետագա միջոցառումները կիրականացվեն կառավարության՝ 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Օդանավակայանում ուղևորների համար տեսանելի և հասանելի վայրերում կտեղադրվեն նաև տեղեկատվական պաստառներ և բաներներ։ Դրանց վրա կլինեն QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ հիվանդության, դրա փոխանցման ուղիների և կանխարգելման վերաբերյալ տեղեկություններին։
Ինչո՞ւ են նախատեսվում հասցեական քարտեր
Ջերմաստիճանի բարձր ցուցանիշ արձանագրած համապատասխան ուղևորների համար նախատեսվում է լրացնել բնակավայրի հաստատման հասցեական քարտեր։ Դրանք անհրաժեշտ են հետագա համաճարակաբանական հսկողության, անհրաժեշտության դեպքում անձի հետ արագ կապ հաստատելու և կոնտակտների հետագծման համար։
Քարտերում ներառված տվյալները կգրանցվեն և կարխիվացվեն կառավարության՝ 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Նախագծով նախատեսվում է, որ տվյալները կմշակվեն բացառապես հանրային առողջության պահպանման նպատակներով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
Կլինե՞ն չվերթների սահմանափակումներ կամ մուտքի արգելք
Նախագծով չվերթների կասեցում կամ համապատասխան պետություններից ժամանող անձանց՝ Հայաստան մուտքի արգելք չի նախատեսվում։
Փոխարենը կիրառվելու է նպատակային վերահսկողություն՝ հիմնված առողջապահության նախարարության սահմանած ռիսկային ցանկի վրա։ Այսպիսով, առաջարկվող միջոցառումների նպատակը ոչ թե ուղևորահոսքի համընդհանուր սահմանափակումն է, այլ հնարավոր վարակման դեպքերի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքումը։
Ե՞րբ և ինչպե՞ս կիրականացվի վերահսկողությունը
Նախագծով առաջարկվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում ժամանակավորապես տեղակայել որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ։
Տեսչական մարմնի տեղակայման համար հատուկ տարածքը կհամաձայնեցվի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի մասնակցությամբ։
Նախագծի համաձայն՝ պետական մարմինները պետք է կազմակերպեն աշխատանքն այնպես, որ սանիտարակարանտինային վերահսկողությունը չխոչընդոտի սահմանային և մաքսային հսկողության բնականոն իրականացմանը։