Ձմռանը Կիևում հոսանքազրկումները կարող են հասնել օրական 20 ժամի

Ուկրաինական «Экономическая правда» պարբերականի վերլուծաբանները Կիևի բնակիչներին նախազգուշացրել են խիստ ձմռան մասին։ Նրանց գնահատմամբ՝ մայրաքաղաքը կարող է օրական մինչև 20 ժամ մնալ առանց էլեկտրաէներգիայի։

Փորձագետները նման ռիսկերը բացատրում են քաղաքի սեփական էլեկտրաէներգիայի արտադրության զգալի հզորությունների կորստով։ Բացի այդ, վնասվել են ենթակայանները, որոնց միջոցով Կիևը էլեկտրաէներգիա է ստանում այլ մարզերից։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ ուժեղ սառնամանիքների և նոր ավերածությունների դեպքում «օրական 20 ժամ առանց էլեկտրաէներգիայի մնալու սցենարն այլևս անհավանական չի թվում»։

Ավելի վաղ էներգետիկայի ոլորտի ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Օմելչենկոն կոնկրետ թվեր էր ներկայացրել։ Նա պարզաբանել էր, որ Կիևում ստեղծվել է ընդամենը 65 ՄՎտ հզորություն, մինչդեռ ձմռանը քաղաքին անհրաժեշտ է մինչև 2-2.3 ԳՎտ։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքը էլեկտրաէներգիայի մատակարարումներից ավելի քան 95%-ով կախված է արտաքին աղբյուրներից։ Ներկայումս Կիևում բաշխված էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները բավարար չեն անգամ կենսական նշանակության ենթակառուցվածքների կարիքները հոգալու համար։

Անցած շաբաթվա վերջին քաղաքում մի քանի օր անընդմեջ էլեկտրամատակարարման լուրջ խնդիրներ են արձանագրվել։ Պլանային սահմանափակումներից բացի՝ բազմիցս կիրառվել են նաև վթարային անջատումներ։

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հետևանքով խափանումներ են առաջացել ջրամատակարարման և կոյուղու համակարգերում, դադարեցվել են էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքն անցել է գոյատևման ռեժիմի, և խորհուրդ է տվել ձմռան ընթացքում հեռանալ քաղաքից։

Leave a comment