Քաղաքականություն
16.10.2026 | 11:53
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ումանի քաղաքին, ինչի հետևանքով տուժել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Չերկասիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը, փոխանցում է Current time-ը։
Հարվածի թիրախ է դարձել բազմահարկ բնակելի շենքը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել տասը հարկանի շենքի երկրորդ հարկի պատշգամբում և ավտոմեքենայում։ Մեկ այլ հրդեհ է բռնկվել առևտրային ձեռնարկության բաց տարածքում։
Վոլինի մարզի Լուցկ քաղաքը մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Լուցկի քաղաքային խորհրդի քարտուղար Անդրեյ Ռազումովսկին հայտնել է, որ կոմունալ ծառայություններն աշխատում են պահուստային էլեկտրասնուցման աղբյուրներով։ Ռուս զինվորականները հարվածել են նաև Զապորոժիեի մասնավոր ձեռնարկությանը, ինչի հետևանքով 500 քառակուսի մետր տարածքում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժածներ չկան։
Կիևում երեկոյան հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Շևչենկովսկի շրջանում գտնվող ոչ բնակելի տնտեսական շինությունում և մասնավոր բնակելի տանը, ինչպես նաև Սոլոմենսկի շրջանում գտնվող տնտեսական շինությունում։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ էներգետիկ օբյեկտների վնասման պատճառով մայրաքաղաքի՝ Դնեպրի աջափնյա հատվածի ջրամատակարարման համակարգում ջրի ճնշումն ընկել է։ Խոսքը, մասնավորապես, Գոլոսեևսկի, Սվյատոշինսկի, Սոլոմենսկի և Շևչենկովսկի շրջանների մասին է։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզի Տեպլոդար քաղաքում հարված է հասցվել «Բլում» լոգիստիկ կենտրոնին, ինչպես նաև Օդեսայի մարզ ուղևորվող բեռնանավին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի