Ձե՞ռք եք առնում, չեմ ասել՝ վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի, ասել եմ՝ չի բացառվում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ ինքը չի հայտարարել, թե սահմանը վաղը միանգամից բացվելու է, այլ նշել է, որ գործընթացն այնքան է հասունացել, որ նման զարգացումը չի բացառվում։

«Ես ասել եմ՝ մի օր զարթնեինք, օրինակ՝ երկուշաբթի զարթնեինք, օրինակ՝ վաղը զարթնենք, և տեսնենք, որ հայ-թուրքական սահմանը բացվել է, այսինքն՝ գործընթացն այնքան հասունացել է։ Թվում է թե հոդաբաշխ, հարց չառաջացնող բան եմ ասել, չէ՞, և կարդում եմ վերնագրեր՝ «Միրզոյան․ Վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի»։ Դե լավ, ժողովուրդ ջան, ձե՞ռք եք առնում։ Ասել եմ՝ չի բացառվում։ Ես խնդրում եմ ինձ հղում անելիս ամեն տառը ճիշտ մեջբերում անել»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳՄԱ նախարարի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն բավականին ինտենսիվ է, ընթանում է դիվանագիտական խողովակներով, և քննարկվում են տնտեսական ու առևտրային զանազան հարցեր։

Միրզոյանը հայտնեց, որ ներկայումս ընթանում են տեխնիկական-փորձագիտական քննարկումներ, մասնավորապես՝ էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցման ուղղությամբ, ինչը, ըստ նախարարի, ամենահեշտ իրագործելին է և արդեն ընթացքի մեջ է։

Անդրադառնալով Երևանում անցկացվող COP17-ին ադրբեջանական կողմի չմասնակցելուն՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ որևէ նոր լարվածություն չկա։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի միջոցառում է, և Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, կարող էր հանգիստ մասնակցել համաժողովին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment